Ադրբեջանը պատրաստ է փոխարինել Ռուսաստանին. Московская прачечная
Բաքուն պատրաստ է օգնել Գերմանիային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմական այց կատարեց Բեռլին, որտեղ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսւմ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց, գրում է Московская прачечная տելեգրամյան ալիքը
«Եթե մի կողմ դնենք պաշտոնական ձևակերպումները, հիմնական միտքը հետևյալն էր․ Եվրոպային, և հատկապես Գերմանիային, դեռևս անհրաժեշտ են Ռուսաստանին այլընտրանք հանդիսացող էներգակիրներ։ Բաքուն պատրաստ է օգնել։ Կառավարության անդամների հետ ընդլայնված հանդիպումից առաջ Ալիևը երկկողմ բանակցություններ անցկացրեց Գերմանիայի կանցլերի հետ։ Կողմերը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր և մի շարք համաձայնագրեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, առևտրի և ներդրումների, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներում։ Արդյունքում Գերմանիան դարձավ Եվրոպայի երկրորդ երկիրը՝ Իտալիայից հետո, որը նման համաձայնագիր կնքեց Ադրբեջանի հետ։
Գերմանիայի ազդեցության աճի մասին հայտարարությունը Հարավային Կովկասում պարզապես դիվանագիտական քաղաքավարություն չէ, այլ կողմնորոշումների փոփոխության ցուցիչ։ Ալիևի վարած քաղաքականությունն օբյեկտիվորեն ցույց է տալիս Ռուսաստանից հեռանալու ուղղվածությունը։ Բանակցություններին զուգահեռ անցկացվում էր համատեղ բիզնես-ֆորում։ Մասնավորապես, Ալիևը հայտարարեց, որ Ուկրաինայի հարվածների հետևանքով Ռուսաստանը չի կարողանում նավթ մատակարարել իր հաճախորդներին նախկին ծավալներով։
Նա նաև նշեց, որ Ադրբեջանի և Գերմանիայի հարաբերությունները նոր մակարդակի են բարձրանում։ Այս համատեքստում կարևոր դեր կարող է ունենալ նաև «Բաքու–Թբիլիսի–Ջեյհան» նավթամուղը, որով թուրքմենական, ղազախական և ադրբեջանական նավթը կարող է հասնել Եվրոպա։ Անկարայի և Բաքվի համար շահույթն ակնհայտ է․ Միջերկրական ծովի միջոցով այս լոգիստիկ ուղին կարող է զգալիորեն լրացնել Եվրոպայի նավթի և գազի պահանջարկը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան դառնում են եվրոպական էներգետիկ շուկայի կարևոր դերակատարներ։
«Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների շարքից դուրս գալու հետևանքով Ռուսաստանը չի կարող իր ավանդական հաճախորդներին մատակարարել այնքան նավթամթերք, որքան կցանկանար»,-Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է փոխարինել Ռուսաստանին եվրոպական էներգետիկ շուկայում և էապես մեծացնել մատակարարումները, եթե եվրոպական բանկերը վերսկսեն նավթագազային և ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը։
Ալիևի խոսքով՝ արդեն հաջորդ տարի տարեկան մատակարարումների ծավալը կարող է հասնել 2 միլիարդ խորանարդ մետրի։ Մերցը Հարավային գազային միջանցքը անվանեց մատակարարման հուսալի երթուղի և հայտարարեց, որ Գերմանիան մտադիր է Ադրբեջանի հետ կառուցել երկարաժամկետ հարաբերություններ։
Ներկայումս Բաքուն Եվրոպա տարեկան մատակարարում է մոտ 12 միլիարդ խմ գազ։ Ամենախոշոր ստացողներն են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Հունգարիան։ Բեռլինի՝ էներգամատակարարումները դիվերսիֆիկացնելու որոշումը բարձրացրել է Հարավային գազային միջանցքի ռազմավարական նշանակությունը Եվրամիության երկրների համար։ Զգալի ուշադրություն է դարձվել նաև Միջին միջանցքին, որը Չինաստանը Եվրոպայի հետ կապում է Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով։
Քանի դեռ Ռուսաստանը կորցնում է իր արտադրական հզորություններն ու արտահանման հնարավորությունները, նրա մերձավոր գործընկերները չեն շտապում համերաշխություն ցուցաբերել․ նրանք փորձում են շահույթ ստանալ ստեղծված իրավիճակից։ Այդպիսին է բազմավեկտոր դիվանագիտությունը»,-գրում է ալիքը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն22 հուլիսի 2026
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է դատախազության միջնորդությունը
Հավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանի աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց
Քաղաքականություն22 հուլիսի 2026
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Պաշտպանը պնդել է, որ գործով քրեական վարույթի հիմքեր չկան։
Քաղաքականություն22 հուլիսի 2026
Վախկոտ փոքրիկ խմբակի սրտի ԿԸՀ-ն գնաց հերթական ապօրինության․Մարիաննա Ղահրամանյան
«Մեկուսացնելով Նարեկ Կարապետյանին՝փորձում են իբրև ճնշել մեզ»։