ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է պանելային քննարկման
ԵՄ-ն Հայաստանի համար դարձել է իրական ռազմավարական գործընկեր.Վահան Կոստանյան

Համաշխարհային քաղաքականության համաժողովի (World Policy Conference) շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:
Վահան Կոստանյանը նշել է, որ մեծ պատիվ է Համաշխարհային քաղաքականության համաժողովին կրկին մասնակցելը։ Նա անդրադարձել է նաև այն բանին, թե վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի տեսանկյունից ինչ զարգացումներ են եղել Հայաստան-ԵՄ ուղղությամբ։
«Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ձգտումների ճանապարհին թերևս ամենաոչսովորական հանգրվաններից մեկն այն օրենքն է, որն ընդունվեց Հայաստանի խորհրդարանի կողմից անցյալ տարի մարտին՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը թույլ տալու համար։ Սա հստակ քաղաքական դրսևորում է առ այն, թե ապագայում որտեղ են Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդը տեսնում իրենց:
Այս ասելով՝ մենք իհարկե միամտաբար չենք կարծում, որ 2028թ.-ին կամ 2030թ.-ին Հայաստանը կդառնա ԵՄ-ի անդամ պետություն։ Սա, այդուհանդերձ, քաղաքական հայտարարություն է, որը ցույց է տալիս այն ուղղությունը, որով աշխատում ենք։ Սրանով մենք ձևավորում ենք բարեփոխումների նոր և հավակնոտ օրակարգ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար։ Հավատացած ենք, որ բարեփոխումների այս օրակարգն ինքնին շատ կարևոր գործընթաց է մեզ համար թե՛ ներքին, թե՛ ներպետական մակարդակում, որն իրականացնում ենք՝ սկսած Եվրոպական միության հետ մեկնարկած վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունից։ Ներկայումս մենք աշխարհում միակ երկիրն ենք, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման երկխոսության շուրջ բանակցություններ է վարում»,- ասել է Կոստանյանը։
ԱԳ նախարարի տեղակալը կարևոր է համարել նշել, որ ԵՄ-ն Հայաստանի համար դարձել է իրական ռազմավարական գործընկեր։
ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված Վահան Կոստանյանն ասել է.«TRIPP-ն այնպիսի նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և երկրորդ՝ մենք ինքներս խիստ շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ։ ԹՐԻՓՓ-ը միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը չէ․ այն շատ ավելի մեծ և ռազմավարական նախագիծ է՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու, ինչպես նաև փոխադարձ օգուտների ապահովման հանձնառությունը հասկանալու համար։ Սա նաև գործնականում նշանակում է, որ Հայաստանի հարավային հատվածը կարող է կապվել հյուսիսային հատվածի հետ՝ օգտագործելով Նախիջևանի երկաթուղին։ Այն ապաշրջափակմամբ, որը տեղի կունենա, մենք հնարավորություն կունենանք կապել ոչ միայն Արևելքն Արևմուտքի հետ, այլև Ծոցը Սև ծովի հետ, ինչը հսկայական փոփոխություն կլինի ողջ տարածաշրջանի համար»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը