Ապատեղեկատվություն, ատելության խոսք, «օլիգարխներին լոյալ» մեդիա․ նոր զեկույց ՀՀ ԶԼՄ-ների մասին
Նշվում է՝ լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում:

Հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա վարկանիշը, որում ՀՀ-ն նախորդ զեկույցի համեմատ զգալի՝ 16 հորիզոնականով, հետընթաց է ապրել։
Եթե 2025 թվականին Հայաստանը վարկանիշում զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը, ապա հիմա՝ 2026-ին հայտնվել է 50-րդում։
Կազմակերպությունը ՀՀմեդիադաշտը բազմազան է նկարագրում, միևնույն ժամանակ շեշտում է՝ երկիրը «բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի և Եվրամիության միջև երկրի բարդ դիրքով»։
«Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են բախվել մտահոգիչ ճնշման իրենց խմբագրական քաղաքականության վրա», — ասվում է զեկույցում։
Լրագրողները ատելության խոսքի ու բռնության թիրախում
Նշվում է՝ լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում:
«Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ», — ասվում է զեկույցում:
Սրան զուգահեռ, սակայն, զեկույցում արձանագրվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ չկան կալանավորված կամ սպանված լրագրողներ ու մեդիայի այլ աշխատողներ։
Նշվում է նաև, որ որպես մասնագիտություն, լրագրությունը նսեմացվում է և ենթարկվում է հատկապես մտահոգիչ ծավալի ատելության խոսքի:
«Քաղաքական վերնախավի կողմից լրատվամիջոցների դեմ ուղղված հռետորաբանությունը, որը մեղադրում է լրագրողներին «կաշառակերության» և իրենց խորհրդականներին ծառայելու մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը: Նրանք անընդհատ վիրավորվում են, հարձակվում և ենթարկվում են վիրավորական զրպարտության համար նախատեսված դատական գործընթացների, ինչը ամրապնդում է ինքնագրաքննությունը», — ասվում է զեկույցում։
«Օլիգարխներին լոյալ» մեդիա
Զեկույցում ասվում է՝ մեդիայի բևեռացումը պայմանավորված է քաղաքական բևեռացմամբ։
«Շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին։ Միայն մի քանի լրատվամիջոցներ են ցուցաբերում անկախություն», — ասվում է զեկույցում։
Հիբրիդային հարձակումների փաստը զեկույցում
Նշվում է՝ ԶԼՄ-ների համար հատկապես զգայուն է քաղաքական երկու թեմա՝ Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունները և «Հայաստանի ու Ռուսաստանի միջև շարունակաբար լարված հարաբերությունները»։
«Այս լարվածության պատճառով լրագրողները ավելի ու ավելի են բախվում համակարգված ապատեղեկատվական արշավների և աշխարհաքաղաքական շփման հետ կապված հիբրիդային ազդեցության գործողությունների, որոնք ավելի են աղավաղում տեղեկատվական տարածքը: Որոշ քաղաքական խմբեր թիրախավորում են լրագրողներին», — ասվում է զեկույցում։
ԶԼՄ-ների թափանցիկության խնդիրը
Զեկույցում նշվում է նաև, որ չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության ներդրմանը, ոլորտը կարգավորող օրենսդրությունը բավարար չէ մամուլի ազատությունը պաշտպանելու համար, և «չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»:
Ասվում է, որ վերջին փոփոխությունները չեն լուծել ապատեղեկատվության խնդիրը:
«Պետական տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակվում է կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարվելը, ուշացումները և այլն)», — ասվում է զեկույցում:
Տնտեսական համատեքստ
«Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ մարդկանց կողմից կամ աջակցություն է ստանում ազդեցիկ հասարակական գործիչների կողմից: Քիչ լրատվամիջոցներ են որդեգրել վճարովի բաժանորդագրության մոդելը, և գովազդային շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Միևնույն ժամանակ, պետական լրատվամիջոցները խուսափում են կառավարությանն ուղղված ցանկացած քննադատությունից»։
Կարդացեք նաև
Հայաստան2 մայիսի 2026
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Հայաստան2 մայիսի 2026
Ադրբեջանում պահվող բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ
Մանասյանը շեշտել է, որ չնայած առկա մարտահրավերներին, ՄԻՊ գրասենյակը շարունակելու է հետևողական աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ոլորտներում։
Հայաստան2 մայիսի 2026
Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ 14-ամյա աղջիկ է մահացել
Վթարի հետևանքով 38-ամյա Ալմարա Ա․-ն, 12-ամյա Նարեկ Թ․-ն, 3-ամյա Սերգո Թ․-ն և 14-ամյա Նարե Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։