Արարատ Միրզոյանը Աբբաս Արաղչիին ներկայացրել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման շուրջ տարվող աշխատանքները
Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Հանդիպման սկզբում Արարատ Միրզոյանը ցավակցություններն է հայտնել Իրանի գործընկերոջը նրա քրոջ մահվան կապակցությամբ։
Նախարար Միրզոյանը գործընկերոջ հետ քննարկել է մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:
Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական փոխգործակցության կարևորությանը, այդ թվում՝ մեդիա տիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդեցության առումով:
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Կարդացեք նաև
Քաղաքականություն5 հոկտեմբերի 2026
Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին. «Այդ օրը հեռու չէ»
Ադրբեջանից հերթական սադրիչ հայտարարությունն է հնչել։ Այս անգամ՝ խորհրդարանի փոխնախագահի մակարդակով։
Քաղաքականություն5 հոկտեմբերի 2026
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամական կապերի մասին
Ռուս-հայկական համագործակցությունը շարունակում է զարգանալ տարածաշրջանային շփումների մակարդակով:
Քաղաքականություն4 հոկտեմբերի 2026
Հոկտեմբերի 4-5-ը Արարատ Միրզայանը պաշտոնական այց կկատարի Իրան
Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ: