Այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղությունը. Կնյազ Հասանով
Ինձ համար հաճելի, միաժամանակ պատվաբեր և պատասխանատու պահ է։ Ես ինձ շատ հպարտ եմ զգում

Հայաստանի Ազգային ժողովի իններորդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, որը որպես տարիքով ավագ պատգամավոր վարում է նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստը, պատգամավորներին կոչ է արել միասնական լինել, մի կողմ դնել տարաձայնությունները և համախմբվել պետության շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կնյազ Հասանովն այս մասին ասել է Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանի բացման ժամանակ։
«Ինձ համար հաճելի, միաժամանակ պատվաբեր և պատասխանատու պահ է։ Ես ինձ շատ հպարտ եմ զգում։ Որպես տարիքով ավագ պատգամավոր՝ իմ տարիքը հաշվի առնելով, ինձ հնարավորություն է ընձեռվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ, 7-րդ, 8-րդ և այսօր էլ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը բացելու համար։Երևի իմ տարիքը հնարավորություն է տալիս նաև մի մեծ խնդրանքով դիմել ձեզ։ Ես խնդրում և հորդորում եմ իմ դիմադիր և ընդդիմադիր բոլոր քույր և եղբայր պատգամավորներին՝ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք մեր պետության և կառավարության շուրջ, անենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրն ընթանա ճիշտ զարգացման ճանապարհով»,- ասել է Հասանովը։Նրա խոսքով՝ Հայաստանին և հայ ժողովրդին խաղաղությունն այսօր անհրաժեշտ է օդ ու ջրի պես։
«Այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղությունը, որի շնորհիվ մեր երկիրը պետք է տնտեսապես զարգանա և հզորանա։ Միայն հզոր երկրի հետ և՛ թշնամիները, և՛ բարեկամները սկսում են հաշվի նստել։Պատերազմը ոչ մի լավ բան չի բերում՝ բացի ավերածությունից, արյունահեղությունից, մարդկային զոհերից ու կորուստներից։ Դրա համար պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարցերը չլուծվեն պատերազմի միջոցով, այլ՝ դիվանագիտական, խաղաղ ճանապարհով»,- նշել է Հասանովը։
Հասանովի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ մի շարք երկրների, այդ թվում՝ հարևան պետությունների հետ հաստատվել են բարիդրացիական հարաբերություններ։«Մեր հանրապետության վարչապետ, հարգարժան Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին, ճիշտ ու հեռատես քաղաքականության շնորհիվ մի շարք գերտերությունների և հարևան երկրների հետ հաստատվել են բարիդրացիական լավ հարաբերություններ, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունն ապրում է և կապրի երկարատև խաղաղության մեջ։Մեր խելացի և հեռատես ժողովուրդն ընտրեց խաղաղության կուսակցությանը, հաղթեց խաղաղությունը։ Ես սրտանց շնորհավորում եմ նորընտիր պատգամավորներին՝ մաղթելով բեղուն աշխատանք, հեռատեսություն և անսպառ եռանդ»,- եզրափակել է Կնյազ Հասանովը։Այնուհետև նա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը հայտարարել է բացված։
Կարդացեք նաև
Քաղաքականություն2 օգոստոսի 2026
Վենդետա լինելու է․ Ռուբեն Ռուբինյանը՝ Աղվան Վարդանյանին
Հայտարարել եմ և հիմա էլ եմ հայտարարում՝ վենդետա լինելու է իրավական իմաստով
Քաղաքականություն2 օգոստոսի 2026
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կայցելեն Մայր Աթոռ՝ Կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան
9-րդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը սկսեց առանց Վեհափառի օրհնության
Քաղաքականություն2 օգոստոսի 2026
Հայտնի է` ովքեր են ղեկավարելու ԱԺ խմբակցությունները
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը։