Բաքուն Թուրքիայից եկող «հիբրիդային սպառնալիքի» մասին է խոսում
Ադրբեջանի խորհրդարանը կասկածում է՝ Թուրքիայից Բաքվի դեմ տեղեկատվական հարձակում է

Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ Արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրել է վերջին օրերին Թուրքիայի տարածքից սոցիալական մեդիայի հարթակներում Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական արշավը։
Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ որոշակի կենտրոնների կողմից իրականացվող արշավի նպատակն է վնաս հասցնել ադրբեջանա-թուրքական բարեկամական և դաշնակցային հարաբերություններին, մոլորեցնել հասարակական կարծիքը, քաղաքացիների շրջանում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ անվստահություն ձևավորել և հասարակության մեջ բևեռացում առաջացնել։
Հանձնաժողովի պնդմամբ՝ քարոզչությունն իրականացվում է համակարգված կերպով՝ թիրախավորված գովազդի, ինչպես նաև սոցիալական ցանցերում իրական և կեղծ հաշիվների միջոցով։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ արշավին աջակցում են նաև Ադրբեջանում և Թուրքիայում գտնվող որոշ անձինք։
«Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրությամբ նման գործունեությունը կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն, արշավը դեռ շարունակվում է»,- ասվում է հանձնաժողովի եզրակացության մեջ։
Հանձնաժողովը հայտնել է նաև, որ համակարգված տեղեկատվական արշավի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները կներկայացվեն Ադրբեջանի համապատասխան պետական մարմիններին։
Միաժամանակ հանձնաժողովը Թուրքիայում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել և չտրվել կեղծ տեղեկատվության ազդեցությանը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան26 սեպտեմբերի 2026
Թբիլիսին պահանջում է պարզաբանումներ, Բաքուն՝ հարգանք տարածքային ամբողջականության նկատմամբ
Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուխի Սուրբ Գևորգ տաճարի տարածքում իրականացվող աշխատանքների առնչությամբ։
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ