Քաղաքականություն
15 հուլիսի 2026 • 06:50
Ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար․ Գագիկ Ծառուկյան
Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը

«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շնորհակալություն եմ հայտնում հանրային գործիչների այն մեծ ու հեղինակավոր ցանկին, որոնք հանդես եկան ինձ աջակցող հայտարարությամբ։ Նման քայլը երբեք չի մոռացվում։
Ձեզնից ոմանց հետ անձամբ եմ ծանոթ, ոմանց հետ եղել ենք Քրիստոսի արձանի շինհրապարակում, շատերիդ ծանոթ չեմ, բայց դա անպայման տեղի կունենա։
Անկեղծ ասած, առաջին միտքը, որ մոտս ծագեց ձեր հայտարարությունը լսելուց հետո, հետևյալն էր. ինչպե՞ս կարող է մի ազգ ունենալ այսքան հանրահայտ, հեղինակավոր դեմքեր, իրենց ոլորտներում լուրջ հաջողության հասած մարդիկ, ու մեր երկիրը լինի այս վիճակում։
Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու՝ թե´ մշակույթում, թե´ գիտության մեջ, թե´ սպորտում, բոլոր բնագավառներում։
Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են. հասկանո՞ւմ եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար՝ երկրի կտրվածքով, և ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող, աշխատող մարդկանց համար։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ, բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին ընդհանրապես։
Այս օրերին ես մտքով շատ հաճախ եմ լինում Քրիստոսի արձանի շինհրապարակում. ամեն քարը, ամեն աստիճանը, ամեն մետրն ինձ համար թանկ է ու կարևոր։ Վերջերս մտածում էի, որ ժամանակն է՝ ստեղծել արձանի բացման արարողության աշխատանքային խումբ։ Պլանավորում եմ, որ ներկա կգտնվեն հեղինակավոր հյուրեր աշխարհի բոլոր ծայրերից, հանրահայտ դեմքեր, համաշխարհային հեղինակություն ունեցող գործիչներ, պաշտոնական պատվիրակություններ, իմ երկրի ու ժողովրդի բարեկամներ, տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներ։ Ասեմ, որ արդեն իսկ ունեմ բազմաթիվ հեղինակավոր անձանց հավաստիացումները, որ բացմանը կգան մեր երկիր՝ տեսնելու աշխարհի նոր հրաշալիքը։
Այս ամենը պետք է մշակել, պլանավորել, քննարկել, բանակցել։ Մի խոսքով, շատ գործ կա անելու։ Աստծո կամոք, ամեն ինչ կարվի։
Ես ունեմ այն խոր, անխախտելի զգացողությունը, որ այդ արձանի կառուցումը մեր երկրի համար նոր, լուսավոր շրջան է բացելու։
Այդ արձանը մեր երկրի համար պետք է բացի նոր էջ, նոր հաջողություն։ Այն պիտի դառնա մեր ներքին համերաշխության, ազգային վերածննդի ու աշխարհին ներկայանալու մեր նոր խորհրդանիշը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն15 հուլիսի 2026
Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավը
Նավում գտնվել է Ադրբեջանի Հանրապետության 11 քաղաքացի։
Քաղաքականություն15 հուլիսի 2026
Կարևորում ենք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի մերձեցմանը Եվրոպական Միությանը․Մհեր Գրիգորյան
«Մեր անկեղծ ցանկությունն է՝ տեսնել Ֆրանիսայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը։ Մեր ցանկությունն է նաև, որ հայ-ֆրանսիական գործընկերությունը տարեցտարի առավել ամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության»։
Քաղաքականություն14 հուլիսի 2026
Պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։