Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը
Նմանատիպ մրցաշարերը առաջին հերթին նպաստում են մեր պետության միջազգային դիրքավորմանը՝ երկիրը դարձնելով առավել ճանաչելի և տեսանելի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով հունիսի 6-ին Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը։
Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հրավրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարը կարևորել է այս նախաձեռնությունը՝ ասելով, որ կառավարությունն ակտիվ քաղաքականություն է վարում Հայաստանը միջազգային տարբեր մրցաշարերի, մրցույթների, միջոցառումների հարթակ դարձնելու ուղղությամբ, որոնք առաջին հերթին նպաստում են մեր պետության միջազգային դիրքավորմանը՝ երկիրը դարձնելով առավել ճանաչելի և տեսանելի։
Նա նաև հավելել է, որ միջազգային նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և կարող են խթանել զբոսաշրջային հոսքերի ավելացումը:
Նախարարն առանձնահատուկ ընդգծել է, որ մրցույթի անցկացման համար ընտրվել է խորհրդանշական օր՝ հունիսի 6-ը՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ նշել է, որ «Եվրատեսիլ» մրցույթների շարքում «Դասական Եվրատեսիլն» այնքան էլ հայտնի չէ, և փորձ է արվելու հենց այս միջոցառման միջոցով այն ավելի հանրայնացնել Հայաստանում:
«Սպասվում է դասական երաժշտության մեծ տոն, որին պատրաստվել ենք շուրջ երկու տարի: Շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը ֆինանսավորման համար։ Մրցույթի բրենդինգը ստեղծվել է՝ ոգեշնչվելով Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավից։ Մրցույթի կարգախոսը ևս գրավիչ է՝ «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»»,- նշել է Հովհաննես Մովսիսյանը՝ ընդգծելով, որ եվրոպական տարբեր երկրներում մրցույթի բրենդինգը և կարգախոսն արդեն տարածվում են։
Կարդացեք նաև
Մշակույթ12 օգոստոսի 2026
Հայ աշակերտները երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
Հայաստանի թիմի մասնակիցները ընտրվել են ներհայաստանյան փուլում 170 աշակերտից։
Մշակույթ10 օգոստոսի 2026
«Երազ այգում» տեղի կունենա Ազգային տարազի փառատոնը
Փառատոնը մեկ հարթակում կմիավորի հայկական ազգային տարազը, ավանդական արհեստները, երաժշտությունը, էթնոդիզայնն ու Խաղողօրհնեքի դարավոր ավանդույթը։
3 օգոստոսի 2026
Մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը
Առցանց հայտագրումն իրականացվում է երկու քայլով