Քաղաքականություն
15 ապրիլի 2026 • 12:08

Ես չեմ հասկանա այն ուժերին, ովքեր համագործակցությունը բացառում են. Սաղաթելյան

Ընտրությունների օրինականության հսկողություն, ազատություն քաղբանտարկյալներին. այս թեմաների շուրջ անհրաժեշտ է համապարփակ համագործակցություն. Սաղաթելյան

Ես չեմ հասկանա այն ուժերին, ովքեր համագործակցությունը բացառում են. Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը պազաբանել է ընդդիմության միասնական հանրահավաքի մասին հայտարարությունը.

 «Ես ասել եմ հետևյալը՝ ՀՀ-ում գոյություն ունի ավտորիտար ռեժիմ, ով իր իշխանությունը պահելու համար ամեն օր ապացուցում է, որ պատրաստ է ցանկացած ապօրինության։ Երեկվա ձերբակալությունը, դրանից առաջ տեղի ունեցած ձերբակալությունները, սպասվող ձերբակալությունները վկայում են այդ մասին։ Մեր առաջարկը, որ, իմիջիայլոց նոր առաջարկ չէ, հետևյալն է՝ կա ավտորիտար ռեժիմ, և դրա դեմը առնելու մեր պատկերացումը հետևյալն է՝ ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը։ Չնայած նրան, որ մենք մրցակիցներ ենք առաջիկա ընտրություններում, բայց կան կենսական նշանակության հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել, այդ թվում՝ մենք կարծում ենք, որ կարելի է համատեղ ընդդիմության միասնական հանրահավաք անցկացնել, հնչեցնել հակազդեցություն դրսևորելու մեխանիզմները։

Ընտրությունների օրինականության հսկողություն, ազատություն քաղբանտարկյալներին. այս թեմաների շուրջ անհրաժեշտ է համապարփակ համագործակցություն։ Այս հարցի շուրջ խոսել ենք քաղաքական դերակատարների հետ, ընդհանուր առմամբ կա փոխըմբռնում։ Նիկոլի լարած թակարդը, որ փորձում են շատերը մտնել դրա մեջ և հավելյալ չհամագործակցելու մասին պարբերաբար հայտարարություններ անել, դա նաև վնասում է այս օրակարգի շուրջ լիարժեք համագործակցությանը։ Բայց իրավիճակը բերելու է նրան, որ ինչ-որ մի պահի բոլորը հասկանալու են՝ դա անհրաժեշտություն է»։ 

 

Ի լրումն ընդդիմադիրների հետ համագործացելու մասին խոսքի՝ Սաղաթելյանը նշել է. «Ես ընդունում եմ, որ մենք մրցակիցներ ենք։ Շատ բնական է, որ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ ասում է՝ իր վարչապետի թեկնածուն ամենալավն է, իր ծրագիրն ամենամրցունակն է։ Աննորմալ կլինի, եթե որևէ քաղաքական ուժ ասի՝ ես ընտրություններին մասնակցում եմ, որ քվեարկեմ մեկ այլ ուժի։ Սա շատ նորմալ, մրցակցային ընտրապայքար է»։

Հարցին՝ կա՞ քաղաքական ուժ, որը համաձայնություն է տվել, Սաղաթելյանը պատասխանել է.

 «Այո՛, դե, կարիք չկա առանձին ուժերի էս պահին նշելու, որովհետև խոսքն այստեղ 1 կամ 2 ուժի համագործակցության մասին չի, խոսքն ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի մասին է, և նաև ուրախ կլինենք, որ այն ուժերը, ովքեր չեն մասնակցում, իրենք ևս այս նախաձեռնությանը միանան։ Սա որևէ մեկը թող չդիտարկի, ինչոր մի առանձին ուժի նախաձեռնություն։ Դրանք բոլորը երկրորդական խնդիրը։ Մենք կարող ենք էդ հանրահավաքին հարթակ դուրս չգալ։ Մենք բացարձակ խնդիր չունենք, բայց մենք պատրաստ ենք ամբողջ կազմակերպական հարցերը վերցնել մեր վրա, որովհետև գտնում ենք սա անհրաժեշտություն։

Այս իշխանությունը պետք է հասկանա, որ շարունակ ձերբակալություններով չի կարող իր նպատակին հասնել, սա բերելու է փողոցային լուրջ հակազդեցության։ Եթե ինքը սա չտեսնի, ինքը շարունակելու է անել։ Հակառակ պարագայում էս մարդը որոշելու է, որ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը օրենքից դուրս է։ Իսկ սրա համար ինքը կարծես թե կանաչ լույս ունի։ Եվրոպական որևէ կառույց չի արձագանքելու, չի դատապարտվելու, և էդ մասին, կարծես, բացահայտ ասում են»։ 

Հարցին՝ կա վերջնաժամկետ, որ տվել են ընդդիմությանը, Սաղաթելյանն արձագանել է.

 «Ես կարծում եմ, որ դա պետք ա լինի մինչև ընտրշավը սկսելու պրոցեսը»։ Ըստ Սաղաթելյանի՝ «քաղբանտարկյալներին» ազատ չարձակելն իշխանության վախերով է պայմանավորված. «Այսօր մեր դաշինքի ցուցակի առաջին երեսունից 2-ը գտնվում են անազատության մեջ, Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ, Վարդան Ղուկասյանը գտնվում է անազատության մեջ։ Այս նույն քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով ընդդիմությունը միասնական ասելիք ունի, թե՞ ոչ։ Եթե հակազդեցության չարժանանան, այս շղթան կշարունակվի»։

Անդրադառնալով ընդդիմադիրների միավորման հարցին՝ Սաղաթելյանը նշել է. «Ես չեմ հասկանա այն ուժերին, ովքեր համագործակցությունը բացառում են։ Եթե չկա էդ մի ուժը, որ առանձին կարող է, ես չեմ կարող հասկանալ, թե ինչու չեն համագործակցում՝ տեղիք տալով նիկոլական էդ տեղեկատվական հոսքերին։ Մենք և՛ ողջունում ենք, և՛ ուրախ ենք, որ դաշտում կան նոր խոշոր միավորներ։Այս իմաստով մենք համագործակցության բոլոր եզրերը տեսնում ենք»։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև