Քաղաքականություն
9 հուլիսի 2026 • 07:39
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել
Իրավապահ մարմինների վերջին գործողությունները կարևոր հիշեցում են

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել․
Իրավապահ մարմինների վերջին գործողությունները կարևոր հիշեցում են․ հանրային մեծ նշանակություն ունեցող յուրաքանչյուր գործ պետք է լինի թափանցիկ, իրավաբանորեն անխոցելի, ապացույցներով հիմնավորված և հանրության համար համոզիչ։ Պետությունը չպետք է թողնի որևէ կասկած, որ օրենքը կիրառվում է ընտրովի, քաղաքական նպատակով կամ քաղաքական հաշվարկով։
Միաժամանակ, իրավական պետությունում արդարադատությունը չի կարող լինել հատվածական։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ամբողջական իրավական և քաղաքական գնահատական տալ առնվազն 1998-2018 թվականներին ձևավորված և պետությունը զավթած քրեաօլիգարխիկ համակարգին՝ ընտրությունների համակարգային կեղծմանը, քաղաքական սպանություններին, ապօրինի քրեական հետապնդումներին, ազատազրկումներին, զանգվածային բռնաճնշումներին, խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներին, սեփականության իրավունքի զանգվածային խախտումներին, կոռուպցիոն և տնտեսական հանցագործություններին, ինչպես նաև Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի և այդ ժամանակաշրջանի մյուս ծանր պետական հանցագործությունների ամբողջական բացահայտմանը։
Նույն իրավական գնահատականի առարկա պետք է դառնան նաև պետական գույքը պարտքի դիմաց օտարելու, ռազմավարական ենթակառուցվածքները կոնցեսիոն կամ այլ ձևերով օտար կառավարման հանձնելու, Հայաստանի էներգետիկ, տրանսպորտային և այլ կենսական ենթակառուցվածքները օտար պետության կամ նրա վերահսկողության ներքո գործող կառույցների վերահսկողությանը փոխանցելու բոլոր որոշումները։ Պետք է ստուգվի դրանց օրինականությունը, սահմանադրականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության և հանրային շահի սկզբունքներին։
Այս պահանջը վաղուց այլևս բացառապես քաղաքական պահանջ չէ։ Այն ունի հստակ իրավական հիմք։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը փաստացի արձանագրեց պետության պատասխանատվությունը Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում տասը անզեն քաղաքացիների կյանքի իրավունքի խախտման համար։ Սա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն առանձին կատարողների, այլև քաղաքական և ինստիտուցիոնալ պատասխանատվության ամբողջական իրացումը։
Հանրությունը սպասում է պետությունը զավթած ամբողջ համակարգի քաղաքական և իրավական լիարժեք գնահատականին։ Պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն այդ համակարգը սպասարկած պաշտոնատար անձինք, այլև այն քաղաքական կուսակցություններն ու քաղաքական ուժերը, որոնք ձևավորել, պահպանել և վերարտադրել են այդ համակարգը՝ պետական իշխանությունը ծառայեցնելով ոչ թե Սահմանադրությանը և հանրային շահին, այլ ամեն գնով իշխանության պահպանմանը, քաղաքական հետապնդումներին, կոռուպցիոն կառավարմանն ու Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների հետևողական ձևախեղմանը։
Պետական ամբողջ մեքենան տարիներ շարունակ ծառայեցվել է ոչ թե իրավական և ժողովրդավարական հանրապետության կայացմանը, այլ դրա իմիտացիայի պահպանմանը։ Հենց այդ համակարգն է ծնել անպատժելիությունը, օլիգարխիան, ընտրական կոռուպցիան, քաղաքական բռնաճնշումները և պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության համակարգային քայքայումը։
Միաժամանակ, Հայաստանը պետք է վերջնականապես փակի օլիգարխիայի վերադարձի ճանապարհը դեպի քաղաքականություն։ Քաղաքական իշխանությունը չի կարող դառնալ խոշոր կապիտալի ներդրումային նախագիծ, իսկ ժողովրդի քվեն՝ ֆինանսական ռեսուրսով ձեռք բերվող ապրանք։ Ժողովրդավարությունը պահանջում է այնպիսի իրավական սահմանափակումներ և ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնք կբացառեն կապիտալի, մենաշնորհների կամ արտաքին ազդեցության միջոցով պետական իշխանության յուրացման ցանկացած հնարավորություն և փորձ։
Իրական արդարադատությունը հաստատվում է, երբ օրենքը գործում է համընդհանուր և ոչ ընտրովի, իսկ պատասխանատվության է ենթարկվում ոչ թե առանձին օլիգարխը և պաշտոնյան, այլ պետությունը զավթած ամբողջ համակարգը։ Միայն այդ դեպքում Հայաստանը կփակի քրեաօլիգարխիկ անցյալի էջը և կհաստատի իրավունքի, ժողովրդավարության ու պետական ինքնիշխանության վրա հիմնված իրական հանրապետություն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։