Հարություն Քնարյանը դատի է տվել «Փաստ» օրաթերթին․ պահանջում է հերքել հրապարակված տեղեկությունները և 3 մլն դրամ փոխհատուցում
Գործարար Հարություն Քնարյանը դատական հայց է ներկայացրել «Փաստ» օրաթերթի դեմ՝ պահանջելով հերքել իր վերաբերյալ հրապարակված տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և վճարել ընդհանուր 3 մլն դրամ փոխհատուցում։ Գործը քննվում է Երևանի քաղաքացիական դատարանում՝ դատավոր Դանիել Մերուժանի Մխեյանի վարույթում։

Գործարար Հարություն Քնարյանը դատական հայց է ներկայացրել «Փաստ» օրաթերթի դեմ՝ պահանջելով հերքել իր վերաբերյալ լրատվամիջոցի հրապարակած մի շարք տեղեկություններ, հրապարակայնորեն ներողություն խնդրել և իրեն վճարել ընդհանուր 3 մլն դրամի փոխհատուցում։
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի՝ DataLex-ի հրապարակած տվյալներից։
Գործը քննվում է Երևանի քաղաքացիական դատարանում, իսկ գործը նախագահող դատավորը Դանիել Մերուժանի Մխեյանն է։
Հայցում Քնարյանը պահանջում է «Վարուժան Բաբաջանյան Սարգսի» անհատ ձեռնարկատիրոջը պարտավորեցնել «Փաստ» օրաթերթում և լրատվամիջոցի կայքում հրապարակայնորեն ներողություն խնդրել 2026 թվականի սեպտեմբերի 3-ին հրապարակված նյութերում իր հասցեին հնչած արտահայտությունների համար։
Մասնավորապես, հայցվորը վիրավորանք է համարում իրեն հասցեագրված «էժանագին մանիպուլյացիա անող», «տարբեր անձանց վստահությունը չարաշահելով հարստացած» և «շարքային ներքին «խոպանչի»» արտահայտությունները։
Քնարյանը դատարանից նաև պահանջում է պարտավորեցնել լրատվամիջոցին հերքել իր վերաբերյալ հրապարակված մի շարք տեղեկություններ, որոնք, ըստ հայցվորի, զրպարտություն են։
Հայցում վիճարկվում են, մասնավորապես, այն պնդումները, թե Քնարյանը շաքարավազի շուկայում իրեն ներկայացրել է որպես խոշոր խաղացող և իր բիզնես գործունեության ընթացքում ստացել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությունը, ինչպես նաև այն հրապարակումը, ըստ որի՝ գործարարը խոշոր պարտքեր է կուտակել տարբեր գործընկերների նկատմամբ և դրանք չկարողանալով սպասարկել՝ անցել է «շանտաժի, վարկաբեկման և ապատեղեկություն տարածելու ճանապարհին»։
Դատական հայցում վիճարկվում են նաև Քնարյանի՝ տարբեր ընկերությունների և բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ հրապարակված տվյալները։ «Փաստ»-ի հրապարակման մեջ նշվել էին, մասնավորապես, «Կումայրի Գրուպի», «Սվիսբանկի», «Յունիբանկի», «Արգոբրուտ», «CITY», «Բաղրամյան» և «ALEX AND HOLDING» ընկերությունների հետ կապված պարտքերի կոնկրետ չափեր։
Ըստ հայցվորի՝ նշված տեղեկությունները զրպարտություն են և ենթակա են հերքման։
Քնարյանը դատարանից պահանջում է նաև հրապարակայնորեն հերքել վիճարկվող տեղեկությունները՝ նույն լրատվամիջոցի տպագիր և առցանց հարթակներում։
Բացի հերքումից և ներողությունից, հայցվորը պահանջում է իրեն վճարել 1 մլն դրամ՝ վիրավորանքի, և 2 մլն դրամ՝ զրպարտության համար՝ ընդհանուր 3 մլն դրամի չափով փոխհատուցում։
Կարդացեք նաև
Հասարակություն4 հոկտեմբերի 2026
Վրաստանից արտահանձնված կալանավորը հարձակվել է ՌԴ ՊԿԴԾ աշխատակիցների վրա. կա զոհ և վիրավորներ
Ըստ աղբյուրի տվյալների՝ Պուշկարյովը նախկինում արտահանձնվել էր Վրաստանից՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր համայնք ստեղծելու մեղադրանքներով քրեական պատասխանատվության ենթարկվելու համար։
Հասարակություն4 հոկտեմբերի 2026
Լուսինե Բադալյանն ու Լիլիթ Ստեփանյանն այցելել են Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը վիրահատությունից հետո կայուն է․ պատգամավորները այցելել են նրան հիվանդանոցում։
Հասարակություն3 հոկտեմբերի 2026
Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Մասիս քաղաքի բնակիչ 21-ամյա վարորդն ընդունել է, որ ինքն է կրակել մեկնարկային ատրճանակով, որը մեքենայի մեջ է։