Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել «Trade over Aid» ֆորումին
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի առևտրային ինտեգրման խորացման ուղղությամբ վերջին զարգացումներին։

ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է՝ Հայաստանը միացել է «Trade over Aid» նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը՝ այն դիտարկելով որպես զարգացման միջազգային համագործակցության նորարարական մոտեցում, որը լրացնում է ավանդական զարգացման գործիքները՝ շեշտադրում կատարելով ազգային կարողությունների ամրապնդման, ներդրումների ներգրավման, տնտեսական աճի, ինչպես նաև ազգային պատասխանատվության և դիմակայունության բարձրացման վրա, ինչը համահունչ է Հայաստանի զարգացման առաջնահերթություններին, հայտնում են ԱԳՆ-ից։
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև ՄԱԶԾ-ի ակտիվ ներգրավվածությունը նախաձեռնության շրջանակներում՝ նշելով, որ կազմակերպության բազմամյա փորձն ու ոլորտային մասնագիտական կարողությունները կարող են էական ներդրում ունենալ կառավարման և ինստիտուցիոնալ բարեփոխումների, մարդկային կապիտալի զարգացման, փոխկապակցվածության ամրապնդման և երկարաժամկետ ներառական տնտեսական աճի ապահովման գործում։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ենթադրում է նոր շուկաների և տրանսպորտային ուղիների հասանելիության ընդլայնում, ինչպես նաև սահմանափակ թվով ոլորտներից կառուցվածքային կախվածության նվազեցում։
Անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական տնտեսական համագործակցությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» տարածաշրջանային փոխկապակցվածության նախագիծը՝ որպես առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հետագա ամրապնդմանն ուղղված նախագիծ։ Ներկայացվել են ծրագրի հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրով։
Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանում կառուցվող «Firebird AI» տվյալների կենտրոնին՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական համագործակցության կարևոր օրինակ։ Նշվել է, որ «NVIDIA»-ի, «Dell Technologies»-ի և ամերիկյան այլ առաջատար ընկերությունների մասնակցությամբ իրականացվող այս ներդրումային ծրագիրը կնպաստի արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանը դիրքավորելով որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր հեռանկարները՝ անդրադառնալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին «123 համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտին, ինչպես կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի ստորագրմանը։
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի առևտրային ինտեգրման խորացման ուղղությամբ վերջին զարգացումներին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն14 հուլիսի 2026
Պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։
Քաղաքականություն14 հուլիսի 2026
Բաքվում այսօր շարունակվել է դատական նիստը
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 14-ին։
Քաղաքականություն14 հուլիսի 2026
Արմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցեր
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։