Հայաստանն ու Չեռնոգորիան ստորագրել են կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր
Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է դրա շրջանակում Չեռնոգորիայի հետ համագործակցության ընդլայնմամբ։

Հայաստանի Հանրապետության և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր։ Փաստաթուղթը վավերացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Փաստաթուղթը նախատեսում է փորձի փոխանակում, Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացում, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը նպաստող նախաձեռնությունների խրախուսում, ինչպես նաև ազգային կրթական համակարգերի արդիականացման ուղղությամբ համագործակցության ընդլայնում։ Կողմերը պայմանավորվել են խթանել կրթական, գիտական և նորարարական հաստատությունների միջև համագործակցությունը, զարգացնել ակադեմիական շարժունությունը և ընդլայնել համատեղ մասնակցությունը միջազգային ծրագրերին։
Ողջունելով Չեռնոգորիայի պաշտոնակցին՝ Ժաննա Անդրեասյանը ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը ստեղծում է ամուր ինստիտուցիոնալ հիմք երկարաժամկետ գործընկերության համար, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացի երկու երկրների ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվույմ՝ մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագիրը, թվային վերափոխումը, դպրոցաշինությունը և արհեստական բանականության ներդրումը («ԱԲ սերունդ», STEP.AI, AI Generation)։ Նախարարը նշել է նաև, որ ԿԳՄՍՆ-ի և OpenAI ընկերության համագործակցությամբ ChatGPT Edu գործիքը սեպտեմբերից հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին՝ ապահովելով շուրջ 50 հազար բաժանորդագրություն։
Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է դրա շրջանակում Չեռնոգորիայի հետ համագործակցության ընդլայնմամբ։
Չեռնոգորիայի նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը հետաքրքրվել է Չեռնոգորիայում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոդելի ներդրման հնարավորությամբ, ինչին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել փորձի փոխանակմանը։
Կողմերը քննարկել են նաև մասնագիտական կրթության (ՄԿՈՒ/VET), ինչպես նաև Erasmus+ և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Կարդացեք նաև
Մշակույթ31 հուլիսի 2026
Քննարկվել են Հայաստան-Ավստրիա գիտակրթական և մասնագիտական ծրագրերի իրականացման հնարավորությունները
Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Ավստրիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Միխաելա Մայրի հետ:
Մշակույթ30 հուլիսի 2026
Վարչաֆեստ»-ի համար կառավարության պահուստային ֆոնդից 178 միլիոն դրամ կհատկացվի
«Վարչաֆեստ 2026»-ի նպատակն է բացահայտել և խրախուսել Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը։
Մշակույթ20 հուլիսի 2026
Հայաստանն աշխարհի ամենաազդեցիկ մշակութային երկրների շարքում է․ Աղբյուր
Ըստ հրապարակված վարկանիշային աղյուսակի՝ Հայաստանը 100 հնարավորից ստացել է 88.09 միավոր: