Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր։

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփվել է Կինոյի տանն անցկացված հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում հայտարարվել են մրցանակակիրների անունները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր։
Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրանը» ստացել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․ շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման։
Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը»՝ Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» (Dry Leaf) ֆիլմին։ «Չորացած տերևը» նաև արժանացել է FIPRESCI մրցանակին, որը շնորհվում է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից։
Կարճամետրաժ ֆիլմերին նվիրված «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaire) ֆիլմին։ Վերջինս արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ Անվանակարգում «Արծաթե ծիրան» ստացել է Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» (Paid Mourners) ֆիլմը։
Ժյուրին նաև հատուկ հիշատակումներ է շնորհել Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» (Relic) և Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» (Together Alone) ֆիլմերին։ Թերեզա Նվոտովայի «Հայրը» ֆիլմն արժանացել է նաև Հայաստանում և Վրաստանում տարածման մրցանակին, որը ներառում է 6 000 եվրոյի դրամական աջակցություն՝ ֆիլմի տարածաշրջանային տարածումն ապահովելու նպատակով։
Փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվել է տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Մահմուդ Քալարիին, «Վարպետ» մրցանակը՝ Հոլիվուդի պրոդյուսեր Սև Օհանյանին։ «Վարպետ» մրցանակի է արժանացել նաև կինոպատմաբան և ռեժիսոր Մարկ Քազընսը։
Փառատոնը եզրափակվել է Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ։
Կարդացեք նաև
Մշակույթ4 սեպտեմբերի 2026
«Մի գդալ սեր»․ նոր ֆիլմը մեծ էկրաններին է
Ֆիլմն ունի նաև երաժշտական գեղեցիկ ձևավորում։ Առանձնահատուկ է այն փաստը, որ ֆիլմի ենթագրերում իր մահից հինգ տարի անց կարող ենք հանդիպել Հայկոյի անունը։
Մշակույթ28 օգոստոսի 2026
Ատեստավորումը կրկնակի չհաղթահարած ուսուցիչները չեն կարող դասավանդել
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ արդեն կան նման 80 ուսուցիչներ։
Մշակույթ27 օգոստոսի 2026
Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի
Ամենամեծ գումարը՝ 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ, նախատեսվում է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր տոնական միջոցառման համար։