ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացումը, երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների խթանումը։

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի և Պատգամավորների պալատի ղեկավարության հետ․ ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։ Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան ողջունել է Հանրապետության նախագահին և շնորհակալություն հայտնել պաշտոնական այցի և հանդիպման հնարավորության համար։
Նա ընդգծել է, որ Հանրապետության նախագահի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների և բարեկամական կապերի հետագա զարգացմանը։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորվել են բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնց զարգացման գործում կարևոր դեր ունի նաև խորհրդարանական համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացումը, երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների խթանումը։ Ընդգծվել է նաև միջազգային խորհրդարանական կառույցների, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները։
Այս համատեքստում կարևորվել է համագործակցության խորացումը տնտեսության, զբոսաշրջության, գիտության, սպորտի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։ Հանրապետության նախագահը և Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահն անդրադարձել են նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դրանց պաշտպանության կարևորությանը՝ ընդգծելով ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։
Հանդիպմանը կողմերը վերահաստատել են Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման պատրաստակամությունը։ Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Պալատի պատվո հյուրերի մատյանում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն4 սեպտեմբերի 2026
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Որոշումը բողոքարկվելու է:
Քաղաքականություն4 սեպտեմբերի 2026
Եվրախորհրդարանի կողմից հավանություն է տրվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը
Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած առաջարկը սեպտեմբերի 3-ին ընդունվել է առանց փոփոխությունների՝ 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։
Քաղաքականություն4 սեպտեմբերի 2026
Նիկոլ Փաշինյան․ «Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ»
Փաշինյանը նաև մտահոգություն է հայտնել, որ օգտագործված ջրի մաքրումը երկրում ոչ թե կանոն է, այլ բացառություն, ինչն առաջացնում է բնապահպանական ու առողջապահական բազմաթիվ խնդիրներ։