Հայաստան
7 հունիսի 2026 • 19:45
Ինչպե՞ս է ձևավորվում ՀՀ Ազգային ժողովը. ընտրակարգ, շեմեր և երկրորդ փուլ
Հայաստանում կայացան հերթական խորհրդարանական ընտրությունները, նախնական տվյալներով մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58.97 %–ը։

Ինչպե՞ս է ձևավորվելու Հայաստանի նոր Ազգային ժողովը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ի՞նչ հերթականությամբ են բաշխվելու մանդատները, ե՞րբ է գործելու 52 տոկոսի կանոնը, ինչպե՞ս է ապահովվելու խորհրդարանական ընդդիմության առնվազն մեկ երրորդ ներկայացվածությունը և ո՞ր դեպքում կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլը։
Հայաստանում կայացան հերթական խորհրդարանական ընտրությունները, նախնական տվյալներով մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58.97 %–ը։
Խորհրդարանը ձևավորվելու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի «կայուն խորհրդարանական մեծամասնության» սկզբունքի հիման վրա։ Այս մեխանիզմը Հայաստանի ընտրական համակարգի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է և կարող է հանգեցնել ինչպես լրացուցիչ մանդատների բաշխման, այնպես էլ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման։
Ազգային ժողովը ձևավորվում է համամասնական ընտրակարգով։ Նվազագույնը ընտրվում է 101 պատգամավոր, սակայն կայուն մեծամասնության կամ այլ հատուկ մեխանիզմների կիրառման դեպքում պատգամավորների թիվը կարող է ավելանալ։
Ի՞նչ շեմ պետք է հաղթահարեն քաղաքական ուժերը
2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները անցկացվել են ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր կարգավորումներով։ Օրենսգրքով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10 % է։ Եթե դաշինքը կազմված է մինչև 3 կուսակցությունից, ապա 8%, եթե 4 և ավելի՝ 10%։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 % է:
Միաժամանակ, նույնիսկ եթե շեմը հաղթահարի միայն մեկ կամ երկու ուժ, Ազգային ժողովում պետք է ներկայացված լինեն առնվազն երեք քաղաքական ուժեր, անցնում է խորհրդարան ձայներով երրորդ քաղաքական ուժը, նույնիսկ եթե չի հաղթահարել անցողիկ շեմը։
Ինչպե՞ս է ձևավորվում կայուն մեծամասնությունը
Եթե որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է պատգամավորական մանդատների 50 տոկոսից ավելին, բայց չի հասնում 52 %–ի, ապա նրան տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի ունենա առնվազն 52% մանդատ։ Սա կոչվում է «կայուն մեծամասնության» մեխանիզմ։
Օրինակ՝ ուժը ստացել է 50.7% մանդատ, ԿԸՀ-ն նրան լրացուցիչ մանդատներ է հատկացնում, արդյունքում այդ ուժը հասնում է առնվազն 52%-ի և կարողանում է միայնակ ձևավորել կառավարություն։
Եթե որևէ ուժ մեծամասնություն չի ստանում...
Եթե ընտրություններից հետո ոչ մի քաղաքական ուժ չի ստանում կայուն մեծամասնություն, ապա սկսվում է կոալիցիա ձևավորելու գործընթացը։ Օրենքը հնարավորություն է տալիս խորհրդարան անցած ուժերին սահմանված ժամկետում ձևավորել կոալիցիա, որը կունենա անհրաժեշտ մեծամասնություն։ Եթե քաղաքական ուժերը 9 օրում համաձայնության չեն գալիս ու հնարավոր չի լինում ձևավորել մեծամասնություն, գործում է երկրորդ փուլի մեխանիզմը։
Ինչպե՞ս է անցկացվում ընտրությունների երկրորդ փուլը
Երկրորդ փուլին մասնակցում են առավել շատ ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը, այն անցկացվում է քվեարկության օրվանից հետո 35-րդ օրը։ Երկրորդ փուլի հաղթող ուժին լրացուցիչ մանդատներ են տրվում այնպես, որ նա ստանա Ազգային ժողովի մանդատների առնվազն 52 տոկոսը։
Կարդացեք նաև
Հայաստան7 հունիսի 2026
Խորհրդարանական ընտրություններ 2026. հայտնի են 112 ընտրատեղամասերի նախնական արդյունքները
Երրորդ տեղում է «Հայաստան» դաշինքը՝ քվեների 8.22%-ով։
Հայաստան7 հունիսի 2026
Ընտրակաշառքը պետության հիմքերի դեմ ուղղված հանցագործություն է, Գալյան
Գալյանն անդրադարձել է նաև մեխանիզմներին, որոնք ընտրական գործընթացում ապահովում են քաղաքական ուժերի հավասար մասնակցություն:
Հայաստան7 հունիսի 2026
Հրանտ Մելիք-Շահնազարյանի հայտարարությունը Հովհաննես Սահակյանի ձերբակալության վերաբերյալ
Հովհաննես Սահակյանը վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվող մի տեսանյութի մասնակիցն է, որտեղ հայտարարում էր, թե քվեարկելուց հետո պատրաստվում է շուտ մեկնել Հայաստանից, որպեսզի իրավիճակի հնարավոր լարման դեպքում խուսափի «բարդություններից»։