Շաբաթ, սեպտեմբերի 26
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
26 սեպտեմբերի 2026 • 14:59

«33 տարի անց վերադարձել եմ, բայց փոշմանել եմ»․ Ադրբեջանի բնակչուհու բողոքը Ղարաբաղից

Աշխատանք չկա, բնակարանի պայմանները դժգոհություն են առաջացրել․ Ադրբեջանի բնակչուհին՝ Ղարաբաղի մասին

«33 տարի անց վերադարձել եմ, բայց փոշմանել եմ»․ Ադրբեջանի բնակչուհու բողոքը Ղարաբաղից

Ադրբեջանի բնակչուհին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում դժգոհում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղում ստեղծված պայմաններից՝ մասնավորապես անդրադառնալով աշխատանքի բացակայությանը, իրեն տրամադրված բնակարանի պայմաններին և տեղական կառույցների վերաբերմունքին։ Նա նաև հայտարարել է, որ իրեն «հայից էլ վատ են վերաբերվում», այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեսանյութում կինը ներկայանում է որպես նախկին հարկադիր տեղահանված, վետերանի դուստր և զոհված զինծառայողի ընտանիքի անդամ։ Նրա խոսքով՝ 33 տարի սպասել է հայրենի հող վերադառնալուն, սակայն այժմ զղջում է Ղարաբաղ տեղափոխվելու համար։

«Իրոք, որպես հարկադիր տեղահանված, որպես վետերանի դուստր, որպես զոհված զինծառայողի ընտանիքի անդամ՝ փոշմանել եմ, որ տեղափոխվել եմ Ղարաբաղ»,- ասում է նա։

Բնակչուհին պնդում է, որ վերադարձից հետո չի կարողացել աշխատանք գտնել։ Նա նշում է, որ դիմել է համապատասխան կառույցների ներկայացուցիչներին, սակայն խնդիրը չի լուծվել։

«Դուք նստած եք Ղարաբաղում և մեր հաշվին բարձր աշխատավարձ եք ստանում։ Ինչո՞ւ մեզ աշխատանքով չեք ապահովում»,- ասում է նա։

Նրա դժգոհությունների շարքում է նաև իրեն տրամադրված բնակարանի հետ կապված պայմանագիրը։ Բնակչուհին հարց է բարձրացնում, թե ինչու տարիներ շարունակ սպասված տունը անմիջապես չի փոխանցվում իր սեփականությանը։

«33 տարի անց վերադարձել եմ իմ հողն ու տունը։ Հիմա դուք իմ սեփական տունը ինձ պայմանագրո՞վ եք տալիս»,- հայտարարում է նա։

Կինը նաև դժգոհում է իր նկատմամբ վերաբերմունքից՝ պնդելով, որ իր երկրում իրեն «հայից էլ վատ են վերաբերվում»։

Տեսանյութի վերջում նա նշում է, որ այլևս չի վախենում ճնշումներից կամ ձերբակալությունից և ասում է, որ հոգնել է ստեղծված իրավիճակից։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև