Քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ ենք ցանկացած պահի բացել սահմանը. Վահան Կոստանյան
Ներկայում Ալիջանի սահմանային անցակետն առաջնահերթություն է, մինչդեռ երկաթուղային կապերի վերաբացման տեխնիկական աշխատանքները շարունակվում են

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել իր սահմանները Թուրքիայի հետ, սակայն գործընթացը կախված է թուրքական կողմից: Ներկայում Ալիջանի սահմանային անցակետն առաջնահերթություն է, մինչդեռ երկաթուղային կապերի վերաբացման տեխնիկական աշխատանքները շարունակվում են: Այս մասին CNN TÜRK-ի հետ հարզազրույցում նշել է Վահան Կոստանյանը:
«Տարածաշրջանում կայունությունը շատ կարևոր է մեզ համար։ Հայաստանի համար ԱՄՆ-ն ռազմավարական գործընկեր է, Իրանը՝ ևս մեկ շատ կարևոր գործընկեր։ Մենք հավատում ենք և հույս ունենք, որ կողմերը կարող են վերջնական համաձայնության գալ։ Կարծում ենք, որ տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհը դիվանագիտական լուծումն է։ Մենք գնահատում ենք բոլոր կողմերի ջանքերը և փորձում ենք միավորել նրանց՝ այս երկարատև և շատ դժվար խնդիրների լուծումներ գտնելու համար»,- նշել է Կոստանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան պատերազմին:
Նա ընդգծել է, որ ներկայում Հայաստանը լուրջ դժվարությունների չի բախվում Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում դա կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանի բոլորի, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի վրա։ «Հետևաբար, այս համատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը շատ կարևոր է։ Սա կարող է զգալի ձեռքբերում լինել երկու երկրների համար և շատ կարևոր տարր կայունության համար ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի լայն տարածաշրջանում»,- նշել է Կոստանյանը։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին հարցին էլ Վահան Կոստանյանը պատասխանել է.
«Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են, որոնք կանցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակաշրջանում: Սա բավականին ուշագրավ է այն ժամանակ, երբ տարածաշրջանում ընդհանուր անվտանգության իրավիճակը վատթարանում է: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դրականորեն են զարգանում: Սահմանին տիրող հանգստությունը խորհրդանշական է և կարևոր: Նշանակալի է նաև այն, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը խաղաղությանը, երբ սկսվեցին Իրանի շուրջ զարգացումները»:
Կոստանյանի խոսքով՝ ՀՀ վարչապետը պաշտոնական այց կատարեց Թուրքիա, և դա պատմական էր։ Դա Հայաստանի անկախությունից ի վեր երկկողմ օրակարգով Թուրքիա առաջին այցն էր, և «էական խթան հաղորդեց Երևանի և Անկարայի միջև հարաբերություններին»։ Միևնույն ժամանակ, անցյալ տարվանից ի վեր Հայաստան-Ադրբեջան գծում շատ դրական զարգացումներ են եղել, հավելել է նա։
«Սակայն, ցավոք, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները տեղում դեռևս նույնն են, ինչ մեկ, երկու կամ երեք տարի առաջ։ Կա համաձայնություն՝ դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին, և երկու կողմերն էլ բազմիցս հաստատել են դա։ Մենք հույս ունենք, որ այս համաձայնագրերը շուտով կիրականացվեն։ Կարևոր է նաև, որ թուրքական կողմն ավարտի ենթակառուցվածքային աշխատանքները։ Հիմա մենք սպասում ենք դրանց իրականացմանը տեղում։ Մենք ներկայում քննարկում ենք Ալիջանի սահմանային անցակետը։ Սակայն անցյալ տարի մեր տեխնիկական փորձագետները հանդիպեցին՝ քննարկելու երկաթուղային կապի վերաբացման հնարավորությունը։ Փորձագիտական խմբերը շարունակում են իրենց աշխատանքն այս ուղղությամբ, և սպասվում է, որ նրանք կրկին կհանդիպեն մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ապա վատթարացող միջավայրը պետք է լրացուցիչ խթան հանդիսանա Հայաստանի և Թուրքիայի համար սահմանը բացելու համար։ Սա կամրապնդի կայունությունը տարածաշրջանում։
Մենք գիտենք, որ սահմանը փակ է 1993 թվականից ի վեր, բայց վերջին 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ այն բացվել է մարդասիրական օգնության համար։ Այն բացվել է որոնողական-փրկարարական խմբերի համար երկրաշարժի ժամանակ, և օգնություն է ուղարկվել Թուրքիա և Սիրիա։ Ցավոք, սահմանը, որպես կանոն, բացվում է ճգնաժամի ժամանակ։ Սակայն այն պետք է լիովին բաց լինի նաև բարգավաճման ժամանակ։ Տարածաշրջանում կան պայմաններ բոլոր ժողովուրդների համար նոր բարգավաճում ստեղծելու համար»,- ասել է Կոստանյանը։
Հարցին՝ արդյո՞ք սահմանի բացման հնարավորություն յա հունիսյան ընտրություններից առաջ, և դա կլինի լիարժե՞ք բացում, Կոստանյանը պատասխանել է.
«Քաղաքականապես և տեխնիկապես մենք պատրաստ ենք ցանկացած պահի բացել սահմանը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս հարցը պետք է ուղղել մեր թուրք գործընկերներին»։ Ինչ վերաբերում է TRIPP նախագծին, ԱԳ փոխնախարարն ասել է, որ այն կարևոր է Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի միջև անխափան կապեր հաստատելու համար: «Անհրաժեշտ է հավատարիմ մնալ հաղորդակցության և տրանսպորտային ուղիների բացման օրակարգին: Այս համատեքստում կարևոր են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները: Դրանք նաև աջակցվել են ԱՄՆ-ի կողմից: Բոլոր կողմերը պետք է հետևեն այս խաղաղության հռչակագրին, որն ունի երկու կարևոր տարր․ առաջինը՝ ներառականություն, և երկրորդ՝ համաձայնեցված տերմինաբանության պահպանում: Այս համատեքստում մենք TRIPP-ը՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին», օգտագործում ենք որպես ճիշտ տերմինաբանություն»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 մայիսի 2026
Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ, անվճար բարձագույն կրթության ապահովումն է, ինչին մենք առաջիկայում հասնելու ենք. Սամվել Կարապետյան
Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում։
Քաղաքականություն16 մայիսի 2026
Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում․ Աբիսողոմոնյան
Այս քննարկումներն առանձնակի արդիական են Հայաստանի համար, քանի որ մենք շարունակում ենք առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները և խորացնել համագործակցությունը Եվրոպայի գործընկերների հետ։
Քաղաքականություն16 մայիսի 2026
Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան
Նա նշել է նաև, որ Ռուբինյանին ու ՔՊ-ին, որոնք փորձում են գողանալ ժողովրդի ձայնը, հույսը, քիչ ժամանակ է մնացել։