Մեկնարկել է իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը
Aռաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 8 հարց

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 8 հարց: Նստաշրջանի բացմանը հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։
Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը վարում է նորընտիր խորհրդարանի տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։
Իններորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ Խորհրդարանն, ընդհանուր առմամբ կազմված է 105 պատգամավորից։
Առաջին նստաշրջանի բացման առթիվ նախատեսված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի ելույթը։ Դրանից հետո պատգամավորները կտան Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդումը և կստորագրեն երդման տեքստը։ Երդումից հետո նիստը նախագահողը կհայտարարի պատգամավորների ընդհանուր թիվը, կներկայացնի պատգամավորներին և այն քաղաքական ուժերը, որոնց ընտրական ցուցակներով նրանք ընտրվել են։ Այնուհետև պատգամավորները կգրանցվեն։
Առաջին նստաշրջանի օրակարգով նախ նախատեսված է հաշվիչ հանձնախմբի ստեղծումը, որից հետո խորհրդարանը կանցնի Ազգային ժողովի նախագահի ընտրությանը։ Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի յուրաքանչյուր խմբակցություն։ Նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 53 կողմ ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Կուսակցության վարչությունն ԱԺ փոխնախագահների թեկնածուներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։ Խորհրդարանն ունի երեք փոխնախագահ, որոնցից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների կազմից։ Փոխնախագահներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկություններով՝ առնվազն 53 ձայնով։
Առաջին նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը կորոշի մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները, գործունեության ոլորտները և անդամների ընդհանուր թիվը, ապա կընտրի հանձնաժողովների նախագահներին։ Օրակարգում առանձին հարցով ներառված է նաև Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ 2026 թվականի հուլիսին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին Էթիկայի հանձնաժողովը պետք է ստեղծվի հենց առաջին նստաշրջանում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։