Քաղաքականություն
8 հուլիսի 2026 • 10:15
ՄԻՊ ներկայացուցիչներն այսօր տեսակցել են Գագիկ Ծառուկյանին
Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը:

ՄԻՊ–ի աշխատակիցներն այցելել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որից հետո ՄԻՊ–ը հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը:
Նույն օրը պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում: Մյուս ահազանգերի վերաբերյալ հարցի ուսումնասիրությունը Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է:
Ավելի ուշ տարածվել է գործին առնչվող տեսանյութ՝ անձին փաստացի ազատությունից զրկելու պահը ներկայացնող կադրերով, ինչի առնչությամբ ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների՝ վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային դեր ունեն իրավախախտումների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի հարցերում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու հարցում: Այդ նպատակների իրականացումը ենթադրում է նաև տարբեր գործիքների կիրառում, այդ թվում՝ անձանց ազատազրկում, ֆիզիկական ուժի կիրառում, օրենքով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում։ Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի իրավապահ և այլ իրավասու մարմիններն իրենց գործառույթներն իրականացնեն ոլորտին վերաբերելի մարդու իրավունքների չափանիշների խստիվ պահպանմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է համապատասխանի օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին, իսկ դրանց կիրառման իրավաչափությունը ենթակա է գնահատման՝ յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա։ Ձեռնաշղթայի կամ ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի ձերբակալված լինելու հանգամանքով, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ փաստական հանգամանքների վրա, որոնք կարող են վկայել, օրինակ՝ դիմադրության, փախուստի, ինքնավնասման կամ այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Եթե անհրաժեշտ է համարվում անձի նկատմամբ ձեռնաշղթա կիրառել, այն ոչ մի դեպքում չպետք է չափազանց ամուր լինի և պետք է կիրառվի միայն այնքան ժամանակ, որքան դա խիստ անհրաժեշտ է:
Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման՝ իրավական չափանիշները պահպանված լինելու տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի առնչությամբ։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը ՊԱՐՏԱՎՈՐ է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը: Իրավասու պետական մարմիններից ֆիզիկական ուժի և ձեռնաշղթայի կիրառման անհրաժեշտության, հիմքերի և այլ հանգամանքների առնչությամբ համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը կամփոփի ուսումնասիրության արդյունքները։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանում ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ, որոնց Պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես տարեկան հաղորդումների, այնպես էլ արտահերթ զեկույցների շրջանակներում։ Այս առումով Պաշտպանը կարևորում է համակարգային բարեփոխումների իրականացումն ու ոլորտային պրակտիկայի կատարելագործումը։
Ուսումնասիրության և քրեակատարողական հիմնարկ իրականացված այցի մյուս արդյունքներն էլ ՄԻՊ աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի մանդատի շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 հուլիսի 2026
Գագիկ Ծառուկյանի գոր ծով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿ
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, մեկն էլ ձերբակալվել էր:
Քաղաքականություն8 հուլիսի 2026
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է Բաքու կանանց մարդասիրական առաքելության նախապատրաստական աշխատանքների մասին
Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է
Քաղաքականություն8 հուլիսի 2026
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է դաշինքի անդամների հետ
Քննարկվել է հետընտրական իրավիճակը, հետագա անելիքները: