Միրզոյան․ ԹՐԻՓՓ-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը
Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին․ «Մենք ունենք հաստատված խաղաղություն»

ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։
Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։
Քննարկման ընթացքում Նարեկ Կարապետյանը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է արդյոք ԹՐԻՓՓ-ը գործարկել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ի պատասխան՝ Միրզոյանը նշել է, որ դա հնարավոր է՝ հիշեցնելով, որ պայմանագիրն արդեն նախաստորագրվել է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակայնորեն հանձնառություն են ստանձնել։
Արտգործնախարարի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի գործարկման համար անհրաժեշտ նախապայմանը խաղաղությունն է, որն իր գնահատմամբ՝ արդեն հաստատված է։
«Մենք ունենք հաստատված խաղաղություն, իսկ գուցե ԹՐԻՓՓ-ը լինի՞ և մոտեցնի խաղաղությունը», — ասել է Միրզոյանը՝ հավելելով. «Որպես իրողություն՝ պայմանը, միջավայրը, որ պետք է լինի, որպեսզի ԹՐԻՓՓ-ը գործարկվի, կա․ դրա անունն է խաղաղություն»։
Նարեկ Կարապետյանը, սակայն, կասկած է հայտնել, որ ԹՐԻՓՓ-ի գործարկումից հետո Ադրբեջանը կբացի նաև Հայաստանի համար նախատեսված ճանապարհները։ Ընդդիմադիր պատգամավորը հարցրել է՝ եթե Բաքուն նախագծի միջոցով արդեն իսկ ապահովի կապը Նախիջևանի հետ, ի՞նչ շահագրգռվածություն կունենա մյուս պայմանավորվածությունները կատարելու հարցում։
Ի պատասխան՝ Միրզոյանը նշել է, որ պատգամավորի դիտարկումը հաշվի չի առնում նախագծի ավելի լայն աշխարհագրական և տնտեսական նշանակությունը։
«Ձեր հայացքն աշխարհագրորեն կիսատ է, ԹՐԻՓՓ-ը հո առանձնացված չի գործելու», — հակադարձել է նախարարը՝ ընդգծելով, որ նախագծի իրականացման երաշխիքը դրա փոխշահավետությունն է Հայաստանի, Ադրբեջանի և երրորդ երկրների համար։
«Հնարավոր չէ, որ Ադրբեջանը բեռ տեղափոխի Նախիջևան, և հնարավոր չլինի Հայաստանի համար այդ նույն շարժը», — ասել է Միրզոյանը։
Համաձայնագրի քննարկման համար խորհրդարանում հատկացվել էր երկու ժամ։ Թեև արտգործնախարարին հարց ուղղելու համար հերթագրվել էր 27 պատգամավոր, ժամանակի սահմանափակման պատճառով հարցեր տալու հնարավորություն է ստացել նրանցից միայն երեքը՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։