Մոսկվան արձագանքում է Երևանին. Պեսկովը խոսել է հակառուսական հռետորաբանության, գազի գնի և ԵԱՏՄ գագաթնաժողովի մասին
Կրեմլի խոսնակը հայտնել է, որ այս շաբաթ նախագահ Պուտինը պետական այցով կմեկնի Աստանա, որտեղ ուրբաթ օրը տեղի կունենա ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանից հնչող հայտարարություններին և հստակեցրել Մոսկվայի դիրքորոշումը երկկողմ հարաբերությունների, տնտեսական ինտեգրման և էներգակիրների սակագների վերաբերյալ, հայտնում են ռուսական աղբյուրները:
Կրեմլի խոսնակը հիշեցրել է վերջերս Երևանից հնչած հավաստիացումները, սակայն միևնույն ժամանակ մատնանշել է որոշակի բաց հարցեր։
«Օրերս մենք լսեցինք թե՛ Փաշինյանի, թե՛ արտաքին գործերի նախարարի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Մենք լսել ենք այդ հայտարարությունները»,- նշել է Պեսկովը։
Այդուհանդերձ, ըստ նրա, բաց է մնում հետագա տնտեսական ինտեգրման ուղու ընտրության հարցը։ Կրեմլի խոսնակը հիշեցրել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած զրույցը, որի ժամանակ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը լիարժեքորեն մնում է ԵԱՏՄ անդամ, բայց միաժամանակ զարգացնում է հարաբերություններն այլ վեկտորներով, մասնավորապես՝ Եվրոպայի հետ։
«Ինչպես այն ժամանակ պարզաբանեց Փաշինյանը, ինչ-որ պահի պետք է կայացվի վերջնական որոշում, և դա կարվի հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ հենց հայ ժողովուրդն է խոսելու այդ մասին»,- հավելել է նա։
Դմիտրի Պեսկովն ուշադրություն է հրավիրել հայկական կողմի այն հայտարարություններին, որ ռուսական էներգակիրների, մասնավորապես՝ գազի գինը Հայաստանի համար չափազանց գրավիչ է և ավելի քան արտոնյալ։
Կրեմլի խոսնակը հստակ նախազգուշացում է հնչեցրել այլ միավորումներին անդամակցելու հնարավորության համատեքստում.
-
Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի մատակարար և մերձավոր դաշնակից։
-
Նման արտոնյալ ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիոն գործընթացների մասնակիցների համար։ Այնտեղ գների կատեգորիան լիովին այլ է՝ շուկայական։ «Դա քաջ հայտնի է Երևանի մեր ընկերներին»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը չի թաքցրել, որ Մոսկվային հարում է Հայաստանի այն քաղաքական ուժերի մոտեցումը, որոնք հանդիսանում են զարգացման ռուսական վեկտորի և ՌԴ-ի հետ ինտեգրացիոն գործընթացների խորացման լիարժեք կողմնակիցները:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայերը շարունակում են մնալ ընկերներ Ռուսաստանի համար, Պեսկովը պատասխանել է.
«Անկասկած, մենք Հայաստանի հետ գտնվում ենք ԵԱՏՄ շրջանակներում ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկում»։
Կրեմլի խոսնակը հայտնել է, որ այս շաբաթ նախագահ Պուտինը պետական այցով կմեկնի Աստանա, որտեղ ուրբաթ օրը տեղի կունենա ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը։
Պեսկովը հաստատել է, որ ՀՀ վարչապետը չի մասնակցի հանդիպմանը. «Եթե չեմ սխալվում, վարչապետ Փաշինյանը ընտրարշավի պատճառներով չի մասնակցի։ Բայց, միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ այսպես թե այնպես հայկական կողմը կմասնակցի այս շատ կարևոր հանդիպմանը՝ շարունակելով իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին»։
Մոսկվան հայտարարում է, որ երկխոսությունը հայկական կողմի հետ շարունակվում է և կշարունակվի նաև ապագայում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 մայիսի 2026
Ռուսաստանում Հայաստանյան ապրանքների սահմանափակումները բացասաբար չեն անդրադառնա Ռուսաստանի տնտեսության վրա
Նման տեսակետ է հայտնել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Քաղաքականություն29 մայիսի 2026
Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին
Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին
Քաղաքականություն29 մայիսի 2026
Ռուսաստանի համար ընդունելի է այն ամենը, ինչը լավ է հայերի համար.Վլադիմիր Պուտին
Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից: