Քաղաքականություն
28 մայիսի 2026 • 12:25
«Նիկոլ Փաշինյանը գնացել է գործարքի». Զուրաբյանը` Թրամփի աջակցության և ՀՀ ապագայի մասին
Քաղաքական գործիչն ուղղակիորեն մեղադրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտաքին ուժերի հետ գործակցության մեջ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը ՀՀ գործող վարչապետին ունի զուտ տնտեսական և ռազմավարական դրդապատճառներ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընտրություններին առաջադրված ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։
Թրամփն ավելի գրել էր՝ հունիսի 7-ին ընտրություններում լիովին աջակցում է Փաշինյանին, ու որ Փաշինյանը լիարժեքորեն կիսում է իր տեսլականը Հարավային Կովկասի խաղաղության և բարգավաճման հարցում։
Ըստ Զուրաբյանի` առաջին անգամ է, որ ժողովրդավարական սկզբունքների ոտնահարումն ու հայ ժողովրդին օտարի կամքը պարտադրելը բացահայտորեն արդարացվում են ամերիկյան նավթային ընկերությունների գերշահույթներով և աշխարհաքաղաքական նպատակներով։
Քաղաքական գործիչն ուղղակիորեն մեղադրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտաքին ուժերի հետ գործակցության մեջ։
«Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի. նա կառուցում է TRIP–ը` ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, որում մենք կարող ենք բառիս բուն իմաստով ոտնատակ ընկնել` փոխարենը ստանալով Արևմուտքի հակադեմոկրատական աջակցությունը Հայաստանում կառավարող հակաժողովրդական անիրավ ռեժիմին»,– գրել է նա։
ՀԱԿ վարչապետի թեկնածուի կանխատեսմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանին սպառնում են միայն ավերածություններ, կորուստներ և բռնապետության հաստատում։
Վերջինիս համոզմամբ՝ նման քաղաքականության արդյունքում երկիրը լավագույն դեպքում կվերածվի համաշխարհային տնտեսության հումքային կցորդի, որտեղ, իր ձևակերպմամբ, «տերն ու տիրակալը լինելու է Ադրբեջանը»՝ դրանից բխող բոլոր ազգային վտանգներով։ Որպես ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք՝ Լևոն Զուրաբյանը մատնանշում է սեփական ռազմավարական մոտեցումը։ Նա շեշտում է, որ Հայաստանը պետք է մերժի ցանկացած կողմի, այդ թվում՝ Ռուսաստանի կցորդը դառնալու հեռանկարը և հանդես գա որպես ինքնիշխան ու անկախ պետություն։
«Մեր խաղաղության և զարգացման բանաձևը ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ գերտերությունների շահերի ներդաշնակեցման ծրագիրն է, որը կայուն և հարատև խաղաղություն ու զարգացում կբերի մեր երկրին»,– եզրափակել է Զուրաբյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։