Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Նախագահ Թրամփին ուղղված ուղերձում նշված է.
Ամենաջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ, Ձեր ընտանիքին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առիթով։
Այս տարվա տոնակատարությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ նշվում է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակը՝ պատմական մի հանգրվան, որն արտացոլում է Հիմնադիր հայրերի կողմից ԱՄՆ-ի հիմքում դրված ազատության և անկախության արժեքների կենսունակությունը։ Դրա հետ մեկտեղ, Անկախության օրը խորհրդանշում է Միացյալ Նահանգների ժողովրդի հզոր ոգին և տոկունությունը, որոնց շնորհիվ է, որ միջազգային արդի հարաբերություններում և համաշխարհային կարևոր գործընթացներում Միացյալ Նահանգներն ունի առանցքային դերակատարություն։
Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ՝ ուղղված խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Այս համատեքստում, պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնորդության կարևորությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում։
Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը, որի իրականացման ուղղությամբ մեր երկու երկրների աշխատանքը թևակոխում է գործնական հարթություն, վստահաբար լինելու է այս խաղաղության կարևոր գրավականը և ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան։ Խաղաղության մասին խոսելիս, չեմ կարող չանդրադառնալ Ձեր կողմից նախաձեռնված Խաղաղության խորհրդին և դրան որպես հիմնադիր անդամ Հայաստանի անդամակցությանը, ինչը հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ և ԱՄՆ ընդհանուր տեսլականի ևս մեկ ապացույց է:
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված համապարփակ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր ոլորտներ։ Վստահ եմ, որ մեր համատեղ օրակարգի հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և առաջընթաց։
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»:
Փոխնախագահին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.
« Մեծարգո պարոն փոխնախագահ,
Ընդունեք խնդրեմ ամենաջերմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առիթով։
Հուլիսի 4-ը ևս մեկ առիթ է արժևորելու ազատության և անկախության հիմնարար գաղափարները: Այս արժեքները ոչ միայն կազմում են ամերիկյան ինքնության հիմքը, այլև հանդիսանում են այն գաղափարական հենարանը, որի վրա խարսխված Միացյալ Նահանգները շարունակաբար իր կարևոր ներդրումն է ունեցել միջազգային խաղաղության և անվտանգության, ինչպես նաև գործընկեր երկրների հետ կուռ կապերի կառուցման գործում։
Ջերմությամբ եմ հիշում ընթացիկ տարվա փետրվարին Հայաստան կատարած Ձեր այցը, որը կարևոր նշանակություն ունեցավ մեր երկրների միջև ձևավորված գործընկերության հետագա խորացման և ամրապնդման համար։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական, էներգետիկ, պաշտպանական և այլ ոլորտներում գործընկերությանը զարկ տալուց զատ՝ Ձեր այցը դարձավ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ վստահության առհավատչյան՝ ստեղծելով նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում մեր կապերի ընդլայնման համար»։