Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է ապահովելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այդ թվում՝ ազգային ինքնության, մայրենի լեզվի, մշակույթի, ավանդույթների և կրոնական առանձնահատկությունների պահպանման ու զարգացման իրավունքը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով:
«Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով։
Այս օրը կարևոր խորհրդանշական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Այն ևս մեկ առիթ է ընդգծելու, որ մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է, որն ամրագրված է մեր ընդհանուր քաղաքացիությամբ։ Հայաստանի Հանրապետության տարբեր ազգությունների ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիությամբ դարձել են մեկ՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։
Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է ապահովելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այդ թվում՝ ազգային ինքնության, մայրենի լեզվի, մշակույթի, ավանդույթների և կրոնական առանձնահատկությունների պահպանման ու զարգացման իրավունքը։
Մեր երկրի ազգային փոքրամասնությունները դարեր շարունակ իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի պատմության, մշակույթի և հասարակական կյանքի ձևավորման գործում։ Այսօր ևս նրանք իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում Հայաստանի Հանրապետության հասարակական, տնտեսական, կրթական, մշակութային և համայնքային կյանքում՝ հարստացնելով մեր հասարակության նկարագիրը։
Բազմազանության հանդեպ հարգանքը, հավասար հնարավորությունների ապահովումը, փոխադարձ վստահությունն ու հանդուրժողականությունը ժողովրդավարական հասարակության կարևոր հենասյուներից են։ Հետևաբար, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և նրանց լիարժեք մասնակցության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է։
Մենք շարունակելու ենք նպաստել այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ազատորեն պահպանելու և զարգացնելու իր ազգային ու մշակութային ինքնությունը՝ միաժամանակ լիարժեքորեն մասնակցելով Հայաստանի Հանրապետության ապագայի կերտմանը։
Այս կարևոր օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, հաջողություն և նոր ձեռքբերումներ։
Թող մեր երկրի բազմազանությունը շարունակի ծառայել որպես փոխադարձ հարգանքի, համերաշխության և միասնականության ամուր հիմք։
Շնորհավորում եմ բոլորիս Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով»։
Կարդացեք նաև
Հայաստան4 հոկտեմբերի 2026
Վահե Հովհաննիսյան. Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու տարբերակը
Փոփոխությունների ուժի մեջ մտնելու կոնկրետ ժամկետներ նախարարը չի նշել՝ ընդգծելով, որ դրանք կիրականացվեն Հարկային օրենսգրքի փոփոխությունների համար սահմանված ընթացակարգերի շրջանակում:
Հայաստան2 հոկտեմբերի 2026
Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների զարգացման և այլ ոլորտներում ընթացիկ համագործակցությունը։
Հայաստան2 հոկտեմբերի 2026
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինվորի կրակոցից վիրավորում ստացած կնոջը
Նախարարը հայտնել է, որ կնոջ առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր: