Չորեքշաբթի, հունիսի 17
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
17 հունիսի 2026 • 10:48

Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին կարող է ուշանալ, բայց անպայման կհասնի․ քաղաքագետ

Ի՞նչ է թաքնված Կրեմլի սպասողական դիրքորոշման հետևում, որքանո՞վ են իրատեսական ինտեգրացիոն կառույցներից դուրս գալու թեզերը և ինչպե՞ս է աշխարհաքաղաքական իրավիճակն անդրադառնում երկկողմ կապերի վրա։

Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին կարող է ուշանալ, բայց անպայման կհասնի․ քաղաքագետ

Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունները, ձևավորվող 9-րդ գումարման Ազգային ժողովն ու արտաքին քաղաքական վեկտորի շուրջ քննարկումները շարունակում են մնալ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում։ Ի տարբերություն 2021 թվականի, պաշտոնական Մոսկվան այս անգամ չի շտապում հանրային շնորհավորանքներ հղել Հայաստանի վերընտրված վարչապետին։

Ի՞նչ է թաքնված Կրեմլի սպասողական դիրքորոշման հետևում, որքանո՞վ են իրատեսական ինտեգրացիոն կառույցներից դուրս գալու թեզերը և ինչպե՞ս է աշխարհաքաղաքական իրավիճակն անդրադառնում երկկողմ կապերի վրա։ Այս և մի շարք այլ կարևոր հարցերի Armpulse-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանի հետ։

Անդրադառնալով Ռուսաստանի փորձագիտական և քաղաքական շրջանակների ներսից՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս լարվածության ընկալումներին, Մարիամ Հովսեփյանը նշում է՝փորձագիտական դաշտում կարծիքները հաճախ կարող են ձևավորվել անձնական վրդովմունքներից կամ շահերից ելնելով, ուստի տարբեր հարթակներում հնչող որոշ վերլուծություններ պետք չէ համարժեք համարել պաշտոնականին։

«Ցավոք, շատերը միայն վերջին տարիներին հիշեցին իրենց հայկական ծագման մասին, մինչդեռ նախկինում, ունենալով ազդեցիկ դիրքեր, երբևէ ցանկություն չեն ունեցել խոսելու հայկականության կամ Հայաստանի խնդիրների մասին։ Նման շատ վերլուծություններ պայմանավորված են զուտ անձնական շահերով ու հաշիվներով»,- ընդգծում է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը, ըստ փորձագետի, առկա լարվածությունը խորը և ամուր հիմքեր չունի, և այն ժամանակի ընթացքում անցնելու է։ Այսօրվա խնդիրները պայմանավորված են միայն նրանով, որ վարչապետ Փաշինյանը հաճախ է խոսում ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու և Եվրոպական միությանը հնարավոր ինտեգրման մասին։

Նկատենք, որ 2021 թվականի ընտրությունների համեմատ, երբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցով անմիջապես շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, այսօր պատկերն այլ է. Ռուսաստանի նախագահը հանրային կամ պաշտոնական շնորհավորանք դեռևս չի ուղղել։

Մարիամ Հովսեփյանի գնահատմամբ՝ սա պայմանավորված է նրանով, որ Մոսկվան կարծում է, թե հայաստանյան ընտրական գործընթացները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն։ Պատճառն այն է, որ օրեր շարունակ տեղի է ունեցել ձայների վերահաշվարկ։ Բացի այդ, թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր որոշ օղակների կողմից բարձրացվում է վերահաշվարկի և գործընթացների իրավական հստակեցման հարցը։

«Երկկողմ հանդիպումների ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ինքը, իհարկե, ցանկանում է տեսնել ընտրարշավի մեջ գտնվող այն ուժերին, որոնք իրենց ռուսամետ են ներկայացնում, սակայն պատրաստ է շարունակել աշխատել այն իշխանության հետ, որին հայ ժողովուրդը ձայն կտա։ Ուստի, եթե անգամ շնորհավորանքն ուշանում է, այն անպայման լինելու է»,- պարզաբանում է Հովսեփյանը։

Խոսելով այն մասին, թե արդյոք Երևանը դե-յուրե կառաջնորդվի՞ ինտեգրացիոն կառույցներից դուրս գալու հստակ ժամանակացույցով, թե՞ կպահպանվի սառեցված ստատուս-քվոն՝ հաշվի առնելով նաև հակասական հայտարարությունները, քաղաքագետը նկատում է՝ հնչող մտահոգությունները ծանրակշիռ հիմքեր չունեն. դրանք ընդամենը հայտարարություններ են։

Ըստ Հովսեփյանի՝ Փաշինյանն ինքն է առիթ տալիս, որպեսզի Մոսկվայում կարծիք ձևավորվի, թե իր իշխանության պահպանման դեպքում երկիրը վերջնականապես հեռանալու է Ռուսաստանից և գնալու է դեպի ԵՄ, ինչը, սակայն, իրատեսական չէ։ Քաղաքագետի ձևակերպմամբ՝ իշխանության ղեկին գտնվելու այս 8 տարիների ընթացքում դեռևս նկատվում է լրագրողից պետական առաջին դեմքի կերպարին անցնելու դժվարությունը։ Հովսեփյանի համոզմամբ՝ չի կարելի անել հայտարարություններ, որոնց տակ չկան կոնկրետ և իրական պայմանավորվածություններ։

Փորձել վատթարացնել հարաբերությունները գործող ԵԱՏՄ համակարգի հետ, որտեղ Հայաստանը տնտեսական մեծ առավելություններ է ունեցել, քաղաքահետի գնահատմամբ, խոսում է փորձառության պակասի մասին։ Փաստացի ԵԱՏՄ-ից դուրս չգալով, բայց նման հայտարարություններ անելով՝ երկիրը կարող է, այսպես կոչված, պատժամիջոցների տակ ընկնել։ Մյուս կողմից, իշխանությունից հնչում են հայտարարություններ, թե Ռուսաստռանի հետ կապերը չեն վատանալու և չեն խզվելու։

 «Ես չեմ տեսնում որևէ լուրջ պատճառ, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կամ ԵԱՏՄ-ն դուրս թողնի Հայաստանին։ Սա պարզապես բառախաղերի և ամբիցիաների խնդիր է։ Հայկական կողմն ուզում է ցույց տալ, որ պետք չէ իրեն ճնշել մեծությամբ ու ազդեցությամբ, իսկ ռուսական կողմն արձագանքում է՝ եթե անընդհատ խոսում եք ԵՄ մտնելու մասին, ապա գնացեք ու մտեք։ Սա անլուրջ իրավիճակ է, որը քաղաքագիտական մակարդակով վերլուծելն անգամ դժվար է, քանի որ ամեն ինչ կատարվում է պրիմիտիվ հարթությունում՝ «իրարից նեղանալու» տրամաբանությամբ»։

Հովսեփյանը հավելում է՝ Ռուսաստանն իր լծակներով փորձում է ցույց տալ, որ ինքն ավելին է Հայաստանի համար, քան Եվրոպական միությունը։ Բայց այս ամենի արդյունքում տուժելու է միայն Հայաստանի քաղաքացին ու գյուղացին, որն արդեն իսկ կրում է ֆինանսական դժվարությունները։ Այս իրավիճակը պետք է շտկվի, որովհետև Եվրոպական միությունը մեզ ոչ սպասում է, ոչ էլ հրավեր է արել, և հայկական ապրանքները պատրաստի այլընտրանքային շուկա չունեն։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի համար ներկայումս հնարավոր է համատեղել երկու վեկտորները, Հովսեփյանը շեշտում է՝ եթե գտնվում ես մեկ տնտեսական միությունում, զուգահեռաբար չես կարող լիարժեք գտնվել մեկ այլ միությունում։

Նրա խոսքով՝ դա հնարավոր էր մինչև 2022 թվականը, երբ Հայաստանը դիտարկվում էր որպես կամուրջ-պետություն, որն ունի սերտ կապեր ԵՄ-ի հետ և լիարժեք անդամակցում է ԵԱՏՄ-ին։ Սակայն 2022 թվականից հետո, երբ արևմտյան երկրները պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ, իրավիճակը կտրուկ փոխվեց։ Երբ խոսվում է այն մասին, որ Արևմուտքի պատժամիջոցները պետք է կիրառվեն նաև Հայաստանում, կամ երբ խնդիրներ են առաջանում օդային հաղորդակցության ու կոմունիկացիաների հետ կապված, ակնհայտ է դառնում, որ այս պայմաններում հնարավոր չէ լինել երկու տեղում էլ լիարժեք անդամ։

Քաղաքագետի համոզմամբ՝ սխալ էր նաև այն, որ Հայաստանի ներքին ընտրությունները, որոնք պետք է որոշեին բացառապես երկրի ներսում կատարվելիք քայլերն ու ղեկավար թիմի կազմը, ամբողջությամբ վերածվեցին արտաքին քաղաքականության պայքարի։ Մի կողմն իրեն ներկայացնում էր որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների երաշխավոր, մյուս կողմը՝ որպես հակակշիռ գնում էր դեպի Եվրոպական միություն։ Սա սխալ մոտեցում է թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի նկատմամբ, քանի որ ներքին հարցերը չպետք է աշխարհաքաղաքական առճակատման առարկա դառնան։

Նատալի Մկրտչյան

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև