Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանի ընտրությունների վրա՝ Փաշինյանի արևմտամետ քաղաքականությունը կանգնեցնելու համար․ գրում է Reuters–ը
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը մինչև Հայաստանի ընտրությունները իրականացրել է ապատեղեկատվական արշավներ և այլ քայլեր՝ փորձելով ազդել քաղաքական գործընթացների վրա և կանխել Նիկոլ Փաշինյանի արևմտամետ քաղաքականության ամրապնդումը։

Ռուսաստանը ակտիվացրել է գաղտնի ջանքերը՝ խաթարելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության հնարավորությունները հաջորդ ամիս նախատեսված ընտրություններից առաջ՝ մտավախություն ունենալով, որ նրա հաղթանակը կարող է վերջնականապես ամրապնդել Հայաստանի վերադասավորումը դեպի Արևմուտք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արևմտյան հետախուզական և պետական պաշտոնյաներին։
Հունիսի 7-ին նախատեսված ընտրություններից առաջ Մոսկվայի ծրագրերը, ըստ հինգ արևմտյան հետախուզական աղբյուրների և Reuters-ի տեսած փաստաթղթերի, ներառել են ապատեղեկատվական արշավներ՝ հօգուտ ռուսամետ թեկնածուների, ինչպես նաև հազարավոր ռուսաստանաբնակ հայերի Հայաստան տեղափոխելու ծրագիր՝ քվեարկության վրա ազդելու նպատակով։
3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը երկար տարիներ մնացել է Մոսկվայի ազդեցության ներքո և շարունակում է հյուրընկալել ռուսական զորքեր։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկայում առաջատար է հարցումներում, վերջին տարիներին խորացրել է կապերը Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի աջակցություն է հայտնել Փաշինյանի վերարտադրմանը։ Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Երևան, որտեղ ստորագրվել են հանքարդյունաբերական համաձայնագիր և «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» նախագծի վերաբերյալ փաստաթուղթ։
Հայաստանը 2024 թվականին սառեցրել է մասնակցությունը ռուսաստանյան անվտանգության դաշինքին, իսկ այս ամիս Եվրոպայի առաջնորդների գագաթնաժողովում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտ դժգոհություն է հայտնել Փաշինյանի արևմտամետ քաղաքականությունից։ Վերջին օրերին Մոսկվան նախազգուշացրել է, որ Հայաստանը կարող է զրկվել էժան գազից, ինչպես նաև սահմանափակել է հայկական մրգերի, բանջարեղենի, ծաղիկների և կոնյակի ներմուծումը։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Մոսկվայի նախընտրելի թեկնածուն գործարար Սամվել Կարապետյանն է, ով այժմ դատվում է իշխանությունը տապալելու կոչերի մեղադրանքով։ Կարապետյանը հերքում է մեղադրանքները, իսկ նրա փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Reuters-ին հայտնել է, որ իր պաշտպանյալը որևէ տեղեկություն չունի ռուսական աջակցության մասին։
Ռուսաստանի ԱԳՆ-ն Reuters-ի հրապարակումը անվանել է կեղծ և «հակառուսական հռետորաբանություն»։
Հայաստանի կառավարության հաղորդակցության վարչությունը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ մեղադրանքները, սակայն նշել է, որ ձեռնարկվում են միջոցներ՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու և ազատ ու թափանցիկ ընտրություններ ապահովելու համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։