Սեպտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանը կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
Եվրոպական միությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում սեպտեմբերի 15-ին քվեարկության կդրվի Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացման առաջարկը։
Եվրախորհրդարանի կայքում հրապարակվել է սեպտեմբերի 14-17-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի լիագումար նիստերի օրակարգը, որոնց թվում է նաև Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկի քվեարկությունը, որին ավելի վաղ հավանություն էր տվել ԵՄ խորհուրդը։
Եվրոպական միությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։
Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։
Նախագիծը նախատեսում է նաև պաշտպանական մեխանիզմներ, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտան Եվրամիությանը միջամտել, եթե Հայաստանից ներմուծման աճը բացասական ազդեցություն ունենա եվրոպացի արտադրողների վրա։
Այս քայլը պայմանավորված է 2026 թվականի մայիսից Ռուսաստանի կողմից հայկական արտահանման մի շարք կարևոր ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներով։ Դրանք վերաբերում են, մասնավորապես, ալկոհոլային խմիչքներին, հանքային ջրերին, մրգերին և բանջարեղենին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դրանց տարանցմանը։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ այդ սահմանափակումները խաթարել են Հայաստանի ավանդական մատակարարման շղթաները և զգալիորեն սահմանափակել երկրի հասանելիությունը ավանդական արտահանման շուկաներին։ Իրավիճակը հատկապես ծանր ազդեցություն է ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրողների վրա՝ միաժամանակ մարտահրավերներ ստեղծելով Հայաստանի տնտեսական դիմակայունության համար։
ԵՄ-ն նախաձեռնությունը դիտարկում է որպես հայկական տնտեսությանն աջակցելու և արտահանողների համար ԵՄ շուկա մուտքի լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ժամանակավոր միջոց։
Կարդացեք նաև
Քաղաքականություն10 սեպտեմբերի 2026
Սև ծովում բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ
Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Քաղաքականություն10 սեպտեմբերի 2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և նյութերը ուղարկվել են դատարան։ Գործը շուտով կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:
Քաղաքականություն10 սեպտեմբերի 2026
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Պահանջում է ներողություն և 3 մլն դրամ: