Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ինտեգրումը Եվրամիության հետ նշանակում է խզում ԵԱՏՄ-ից և Ռուսաստանից
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինտեգրումը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից և Ռուսաստանից հեռացման՝ զգուշացնելով, որ դա կարող է տնտեսական դժվարություններ առաջացնել երկրի համար։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի հայտարարել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի ինտեգրումը, թեկուզ «դիվերսիֆիկացման» անվան տակ, նշանակում է խզում Եվրասիական տնտեսական միությունից և Ռուսաստանից, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
«ԵՄ-ի հետ ինտեգրումը, թեկուզ դիվերսիֆիկացման քողի ներքո, նշանակում է խզում ԵԱՏՄ-ից և Ռուսաստանից, որքան էլ որոշ գործիչներ հավաստիացնեն, թե դա այդպես չէ։ Նման քայլերը Հայաստանի տնտեսությունը կհանգեցնեն խորը ճգնաժամի», — ասել է Շոյգուն՝ ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության։
«Ուզում եմ ուղիղ ասել՝ ոչ Հայաստանի կապերի ընդլայնումը ԵՄ-ի հետ, ոչ եվրոպական չափանիշներին անցման մեղմացումը, ոչ էլ դրան հաջորդող տնտեսական ճգնաժամից դուրս գալը մենք չենք ֆինանսավորելու», — հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Շոյգուի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Երևանը չի դիմել Եվրամիության անդամակցության համար, վկայում են ԵԱՏՄ-ում անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ցանկության բացակայության մասին:
«Այդ հայտարարության հետևում ակնհայտորեն կանգնած է նման հանրաքվե անցկացնելու չցանկանալը։ Լիովին հնարավոր է, որ բնակչությունը հանդես գա դրա դեմ, և այդ դեպքում Երևանի ներկայիս իշխանությունները ստիպված կլինեն տհաճ զրույց ունենալ եվրոպացի հովանավորների հետ», — ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու 10 տարվա ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է գրեթե երեք անգամ՝ 10,5 միլիարդ դոլարից հասնելով ավելի քան 29 միլիարդ դոլարի։
«Ընդ որում, վերջին երեք տարիներին աճը կազմել է մոտ 40 տոկոս», — հիշեցրել է Շոյգուն։
Նա նաև նշել է, որ Եվրամիությունը կարող է փոքր գումարներ հատկացնել իր համար շահավետ նախագծերին, սակայն «իրական ծախսերը իր վրա վերցնելու պատրաստակամություն Եվրամիությունը չունի»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։