Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հերթական արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների առթիվ
«Շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության՝ այս վճռորոշ ընտրություններում արձանագրած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ»։

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ընտրությունների առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հերթական արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների առթիվ։
Հակառակ աննախադեպ և բացահայտ արտաքին միջամտության, ինչպես նաև ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից լայնածավալ ընտրակաշառքի և այլ անթույլատրելի միջոցների կիրառման՝ Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը՝ գաղութացումից, հարևանների հետ խաղաղ գոյակցությունը՝ հարատև թշնամությունից, և տնտեսական բազմազանությունը՝ մեկ շուկայից կախվածությունից։
Այս առթիվ շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության՝ այս վճռորոշ ընտրություններում արձանագրած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Միաժամանակ ցանկանում ենք արձանագրել, որ վարչապետին ու նրա թիմին ևս մեկ անգամ վստահելով երկրի կառավարման ղեկը՝ Հայաստանի քաղաքացին վերահաստատում է այն իրողությունը, որ հայրենիքը գտնվում է ճիշտ ուղու վրա և ակնկալում է խաղաղության գործընթացի շարունակություն, Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական ու տնտեսական հարաբերությունների խորացում, ինչպես նաև բնակչության բարօրության և կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործում։
Եթե 2021 թվականի ընտրությունների ժամանակ հայրենիքի գլխին Դամոկլյան թրի պես կախված էր գոյութենական վտանգը, ապա այսօր երկիրն ու տարածաշրջանը համրաքայլ մտնում են խաղաղության և տնտեսական համագործակցության նոր դարաշրջան, որտեղ Հայաստանին վերապահված է կարևոր դերակատարություն։ Սակայն վերջինս պահանջում է խելամիտ և կշռադատված որոշումներ թե՛ գործադիր իշխանության, թե՛ Ազգային ժողովի կողմից։
Հետևաբար, լիահույս ենք, որ թեժ ընտրապայքարի արդյունքում ձևավորված նոր Ազգային ժողովը ձեռնամուխ կլինի արդյունավետ օրենսդրական աշխատանքի, որտեղ ընդդիմությունը ևս կունենա իր կարևոր ներդրումը՝ փոխանակ նախկինի նման անտեղի հետապնդելու իշխանափոխության ամուլ նպատակը»։

Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։