Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
Ցուցադրությունն ապրիլի 3–ից հասանելի կլինի այցելուներին Հայաստանի պատմության թանգարանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրության բացմանը, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական էջից։
Պատմական արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ Կառավարության որոշմամբ, ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար Մշակույթի զարգացման հիմնադրամին պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ։
Բացառիկ արժեք ներկայացնող միջնադարյան քրիստոնեական արվեստի այս կոթողը փորագրված է արևելյան ընկուզենու փայտից և վերագրվում է Բագրատունյաց շրջանի՝ 1188 թվականի փայտագրության ավանդույթին։ Ցուցանմուշի պատկերագրությունը միավորում է աստվածաշնչյան և արքունական թեմաները։ Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Դանիելը՝ առյուծների մեջ, իսկ ստորին հատվածներում ներկայացված են տարբեր գազանամարտերի տեսարաններ, որոնք համեմատելի են Դանիելի տեսիլքի խորհրդաբանության հետ (Դան. 7:1–7, 7:23–27)։ Հորինվածքի կենտրոնական մասը ընդգծում է խաչի «թևավոր» տիպը՝ ծաղկային ծիլերով և պտղաբեր խորհրդով, որը համապատասխանում է հայկական եկեղեցական արվեստում կյանքի ծառի գաղափարին։ Արվեստագիտական և փորձագիտական համայնքը հաստատում է ցուցանմուշի բացառիկ արժեքն ու նշանակությունը հայկական միջնադարյան մշակույթի ուսումնասիրության համար։
Ցուցադրությունն ապրիլի 3–ից հասանելի կլինի այցելուներին Հայաստանի պատմության թանգարանում։
Կարդացեք նաև
Մշակույթ4 սեպտեմբերի 2026
«Մի գդալ սեր»․ նոր ֆիլմը մեծ էկրաններին է
Ֆիլմն ունի նաև երաժշտական գեղեցիկ ձևավորում։ Առանձնահատուկ է այն փաստը, որ ֆիլմի ենթագրերում իր մահից հինգ տարի անց կարող ենք հանդիպել Հայկոյի անունը։
Մշակույթ28 օգոստոսի 2026
Ատեստավորումը կրկնակի չհաղթահարած ուսուցիչները չեն կարող դասավանդել
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ արդեն կան նման 80 ուսուցիչներ։
Մշակույթ27 օգոստոսի 2026
Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի
Ամենամեծ գումարը՝ 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ, նախատեսվում է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր տոնական միջոցառման համար։