Հայաստան
20 հուլիսի 2026 • 07:13
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Արձանագրված խնդիրներն ամփոփվել էին ՄԻՊ հաստատությունում և հասցեավորվել իրավասու պետական մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած աշխատանքային խումբը 2025 թվականի մայիսին այց էր իրականացրել Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքներ, այդ թվում՝ Կապան համայնքի Շիկահող, Սրաշեն և Ծավ, Մեղրի համայնքի Ալվանք և Շվանիձոր, ինչպես նաև Տեղ համայնքի Խնածախ և Խոզնավար սահմանամերձ բնակավայրեր։ Այցն իրականացվել էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ համատեղ:
Այցի ընթացքում բնակիչները բարձրաձայնել էին խմելու և ոռոգման ջրի հասանելիության, զբաղվածության ապահովման, անվտանգության, սեփականության իրավունքի, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու դժվարությունների, բժշկական օգնության և սպասարկման, հանրային տրանսպորտի բացակայության, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:
Արձանագրված խնդիրներն ամփոփվել էին ՄԻՊ հաստատությունում և հասցեավորվել իրավասու պետական մարմիններին:
Դրանց ընթացքի նկատմամբ իրականացվել է հետագա հետևողական աշխատանք։
Պաշտպանի հաստատության և իրավասու պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում:
Իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն` լուծումների մի մասը ներկայացնում ենք ստորև.
• ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում ավարտվել են Սյունիքի մարզի Մեղրի համայնքում
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Մեղրիի ստորաբաժանման նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Բժշկական հաստատությունը հագեցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան գույքով և սարքավորումներով և արդեն շահագործվում է։ Ծրագրով նախատեսվում է մարզերում, այդ թվում՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում դատաբժշկական ծառայությունների արդիականացման գործընթացի իրականացում,
• Մեղրու բժշկական կենտրոնում դիալիզի ծառայության կազմակերպման նպատակով իրականացվում են մի շարք աշխատանքներ:
• Շիկահող բնակավայրի խմելու ջրամատակարարման հարցի լուծման նպատակով 2025 թվականին «Խորավանդ» աղբյուրից խմելու-կենցաղային ջրօգտագործման համար տրամադրվել է համապատասխան ջրօգտագործման թույլտվություն:
• Շիկահող, Ալվանք, Շվանիձոր, Խոզնավար և Խնածախ բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի բարելավման աշխատանքները ներառվել են միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվելիք ծրագրերում:
Վերը նշված բնակավայրերի բնակիչների կողմից բարձրացված մնացյալ հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հիմնարար իրավունքների ամբողջ ծավալով երաշխավորումն ու անխոչընդոտ իրացումն ապահովելը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։