Ադրբեջանի բռնապետի երկակի բառապաշարը. Թրամփին՝ TRIPP, Շուշիում՝ «Զանգեզուրի միջանցք»
Շուշիում հնչեցրած հայտարարությամբ Իլհամ Ալիևը կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, մինչդեռ մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված ուղերձում նույն նախագիծը ներկայացրել էր որպես TRIPP։ Այս հակասությունը վկայում է, որ Բաքուն միջազգային և ներքին լսարանների համար շարունակում է կիրառել տարբեր քաղաքական բառապաշար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում անցկացվող «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության գործում. խաղաղության կառուցումը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում հայտարարել է, որ «իրագործվող «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ, ինչպես նաև կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը», այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները;
Ալիևի այս հայտարարությունը ուշագրավ է հատկապես այն ֆոնին, որ ընդամենը մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում նա նույն նախագիծն անվանել էր TRIPP՝ չկիրառելով «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, որը Հայաստանի համար անընդունելի է և բազմիցս մերժվել է պաշտոնական Երևանի կողմից։
Փաստորեն, միջազգային լսարանի և հատկապես Վաշինգտոնի հետ շփումներում Ադրբեջանի ղեկավարը նախընտրում է օգտագործել ավելի չեզոք և պայմանավորվածություններին համապատասխան տերմինաբանություն, մինչդեռ ներքին լսարանի համար շարունակում է շրջանառել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։
Հիշեցնենք, որ Ալիևն իր նույն ուղերձում անդրադարձել է նաև անցյալ տարի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ստորագրված համատեղ հռչակագրին և խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը՝ պնդելով, թե դրանք «լիովին փոխել են իրավիճակը Հարավային Կովկասում»։ Սակայն հենց այդ գործընթացի շրջանակում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ միջազգային քննարկումներում չի կիրառվել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, քանի որ այն ենթադրում է արտատարածքային տրամաբանություն, որը Հայաստանը հետևողականորեն մերժում է։
Այս ֆոնին Շուշիում հնչեցված Ալիևի հայտարարությունը կարելի է դիտարկել ոչ միայն որպես հերթական քարոզչական ուղերձ, այլև որպես քաղաքական ազդակ ներքին լսարանին, որ Բաքուն չի հրաժարվում տարիներ շարունակ առաջ մղված իր նարատիվից։ Դա նաև հարցեր է առաջացնում, թե որքանով են Ադրբեջանի իշխանությունները պատրաստ հավատարիմ մնալ միջազգային հարթակներում ներկայացվող մոտեցումներին, եթե նույն նախաձեռնությունը տարբեր լսարանների համար ներկայացվում է տարբեր քաղաքական և իրավական բովանդակությամբ։
Այլ կերպ ասած՝ եթե Թրամփին ուղղված ուղերձում խոսվում է TRIPP-ի մասին, ապա Շուշիում կրկին շրջանառվում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Այս երկակի բառապաշարը հերթական անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն շարունակում է միաժամանակ օգտագործել երկու տարբեր խոսույթ՝ մեկը արտաքին աշխարհի, մյուսը՝ սեփական հասարակության համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն17 հունիսի 2026
Արցախի Աստղաշեն գյուղում վերացվել են հիշատակի երկու հուշարձաններ
Արբանյակային տվյալների համաձայն՝ 2024–2025 թվականներին Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Աստղաշեն գյուղի երկու հուշարձանները՝ նվիրված Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի զոհերին։
Քաղաքականություն17 հունիսի 2026
Ընտրակաշառքը ոտնձգություն է Սահամանադրական կարգի նկատմամբ․Արման Բաբաջանյան
«Ընտրությունները չեն կարող համարվել ազատ և լեգիտիմ, եթե դրանց վրա էական ազդեցություն են ունեցել փողը, ճնշումը, կազմակերպված ապօրինի մեխանիզմները և ընտրողի կամքի առևտրայնացումը»։
Քաղաքականություն16 հունիսի 2026
Դատախազը դիմել է ԿԸՀ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով
Խորհրդարան անցնելու շեմը հաղթահարած Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։