Հայաստան
20 մայիսի 2026 • 11:03
Անահիտ Ավանեսյանը հորդորում է զերծ մնալ հոգեբուժարանի անվանումը շահարկելուց
Նա նշել է, որ այդպես «խարանավորում են» ոլորտը, ինչն անթույլատրելի է։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հորդորել է զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անվանումը շահարկելուց։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում` արձագանքելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դատի է տալու զրպարտության համար։ Քաղաքական ուժը նշել է՝ խոսքը մասնավորապես վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մասին հրապարակումներին և հայտարարություններին։
«Հոգեկան առողջության ոլորտը, բուժօգնություն տրամադրող կենտրոնները և այնտեղ բուժում ստացող մեր քաղաքացիները երբևէ չպետք է դառնան քաղաքական շահարկումների, էժանագին դիվիդենտներ քաղելու կամ քաղաքական հռետորաբանության թեմա։ Առողջապահական համակարգը և մասնավորապես հոգեկան առողջության պահպանման բնագավառը կոչված են ծառայելու բացառապես մարդկանց առողջությանը, և անթույլատրելի է որևէ քաղաքական ուժի կամ գործչի կողմից այս զգայուն թեմայի շահարկումը սեփական քաղաքական օրակարգերն առաջ տանելու համար։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը քաղաքական նպատակահարմարության շրջանակում շահարկելուց»,– գրել է նախարարը։
Նա նշել է, որ այդպես «խարանավորում են» ոլորտը, ինչն անթույլատրելի է։
«Ձեր անբովանդակ, անհամ օրակարգը, որը չեմ էլ ուզում քաղաքական անվանել, լցրեք այլ հետաքրքրություններով և հեռու մնացեք ոլորտից»,- եզրափակել է Ավանեսյանը։
Այս թեմայով հայտարարություն է տարածել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Ավանեսյանը։
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և այլ հանրային դերակատարներին իրենց հրապարակային խոսքում բացառել սեռով, հաշմանդամություն ունենալու (այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու) հանգամանքով պայմանավորված, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների և համանման այլ հիմքերով` պիտակավորող, խտրական և ատելություն տարածող ցանկացած խոսույթ»,–գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր` ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն է տարածվում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հայաստան29 մայիսի 2026
Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները
Ներկաներն արձանագրել են, որ հաշվի առնելով կառույցների պետական ու պատմամշակութային բացառիկ դերը, միջոցառումների մեկտեղումը լիովին հնարավոր է՝ կախված ծրագրերի բովանդակությունից։
Հայաստան29 մայիսի 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կապված ձայնագրությունները մտացածին են. Մելոյան
Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։
Հայաստան29 մայիսի 2026
Հանրապետության տոնի առթիվ ՔԿ նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են
Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։