Այս տարի Դատախազությունը նշում է իր հիմնադրման 108-ամյակը
Ուրախ եմ, որ հանրային ակնկալիքի բարձր նշաձողն ուղեկցվում է տարեցտարի Դատախազության նկատմամբ հանրային վստահության թվային ցուցանիշների աճով․ՀՀ գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի՛ դատախազներ,
Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:
Ավելի քան մեկ հարյուրամյակ այս օրը դատախազի աշխատանքի գնահատման, պետական համակարգում դատախազի դերի արժևորման և հանրային կյանքում դատախազի կերպարի ընդգծման առիթ է:
Աշխատանք, դեր ու կերպար, որոնք անբասիր պահելու համար ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր, առանց պաթոսի, առանց գնահատականի հաղթահարում է արտաքին և ներքին մարտահրավերներ, ու դժվար է ասել, թե դրանցից որն է ավելի բարդ: Ես վստահ եմ, սակայն, որ պրոֆեսիոնալիզմը, բարեվարքությունն ու ինքնատիրապետման արվեստն այդ մարտահրավերների հաղթահարման ճանապարհին ձեր զենքն ու վահանն են:
Դատախազի նկատմամբ հանրային ակնկալիքը բարձր նշաձող ունի, դատախազին արգելված է այն, ինչն այլոց համար իրավունքների ու ազատությունների շարքին է դասվում, դատախազը կամավոր ընտրում է ինքնասահմանափակումների այդ ճանապարհը՝ հանրային բարիքին ծառայելու նպատակադրմամբ:
Ուրախ եմ, որ հանրային ակնկալիքի բարձր նշաձողն ուղեկցվում է տարեցտարի Դատախազության նկատմամբ հանրային վստահության թվային ցուցանիշների աճով: Համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում 2026 թվականի փետրվարին իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ՝ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով:
Հանրային վստահության այս ցուցիչն է դատախազի աշխատանքի արդյունավետության գնահատականը:
Հայաստանի Հանրապետության դատախազությունը շարունակելու է իր ուղին՝ որպես բարեվարք, պրոֆեսիոնալ և կայուն ինստիտուտ՝ հավատարիմ օրենքի գերակայության, պետական շահերի պաշտպանության և արդարության վերականգնման իր առաքելությանը։
Այս տարի Դատախազությունը նշում է իր հիմնադրման 108-ամյակը, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, մասնագիտական հաջողություններ և անսասան կամք՝ հանուն Հայաստանի Հանրապետության»։
Կարդացեք նաև
Հայաստան1 հուլիսի 2026
Այսօր Սահմանադրական դատարանում ներկայացվելու են ամփոփիչ ելույթները
Այս մասին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հայաստան1 հուլիսի 2026
Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
Փոփոխություններ են եղել ԿԳՄՍ փոխնախարարների կազմում
1 հուլիսի 2026
Առաջիկա ամսվա ընթացքում քննարկումներ կլինեն 2027 թվականին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ․Անսհիտ Ավանեսյան
Անդրադառնալով ապահովագրավճարի չափի վերանայման հավանականության հարցին՝ Ավանեսյանը պարզաբանել է, որ այդ գործընթացի մեխանիզմները ամրագրված են օրենքով։