ԱԺ-ն ընդունել է կենսաչափական նոր համակարգի ներդրման մասին օրենքը
ԱԺ-ն ընդունել է կենսաչափական նոր համակարգի ներդրման նախագիծը, որը նախատեսում է պարտադիր ID քարտեր և միտված է նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին։

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Սարգսյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում պատշաճ իրավական ընթացակարգերի ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին մոտեցնելը։
«Լայն համատեքստում սա ևս մեկ քայլ է Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը»,- ընդգծել է նա։
Նախարարի խոսքով՝ Եվրոպական միությունից արդեն ստացվել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, որտեղ առանձին անդրադարձ կա «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքին։
Օրենքների փաթեթով առաջարկվում է 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ 6-ից 16 տարեկան երեխաների համար քարտ ունենալը նախատեսվում է կամավոր սկզբունքով, իսկ մինչև 6 տարեկանների դեպքում անձը հաստատող փաստաթուղթ կհամարվի ծննդյան վկայականը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ նոր փաստաթղթերը համապատասխանելու են ICAO-ի 9303 միջազգային ստանդարտին։ Նա նաև նշել է, որ օտարերկրացիների համար նախատեսված փաստաթղթերը ևս պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ։
Նախարարի խոսքով՝ կենսաչափական համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, սակայն պետությունը պահպանելու է որոշումների կայացման լիարժեք իրավունքը։
«Մասնավորը որևէ գործողություն կամ քայլ չի կարող կատարել, որը փաստական հետևանքներ է առաջացնելու մեր քաղաքացիների համար»,- ընդգծել է Սարգսյանը։
Ամփոփելով խոսքը՝ ՆԳ նախարարը նշել է, որ կենսաչափական համակարգը ծառայելու է նաև կառավարության թվայնացման քաղաքականությանը։
«Կարծում եմ՝ արդեն 2026 թվականի աշնանը մենք լիովին նոր իրավիճակ կարձանագրենք Հայաստանի Հանրապետությունում, և թվայնացման տեմպերը գնալով էլ ավելի կարագանան»,- հայտարարել է նա։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: