ԱԺ-ում քննարկվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման՝ 2025-ի հաշվետվությունը
ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Բաբայանի խոսքով 2025 թվականին ընկերությունների լուծարման և մասնավորեցման գործընթաց չի իրականացվել:

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունն ընդգրկում է 2025 թվականի օրացուցային տարում իրականացված մասնավորեցման և լուծարման գործընթացների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին, այդ թվում՝ մասնավորեցման արդյունքների, առանձին ընկերություններում կատարված ներդրումների և պրոֆիլի պահպանման վերաբերյալ տեղեկությունները:
ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Բաբայանի խոսքով 2025 թվականին ընկերությունների լուծարման և մասնավորեցման գործընթաց չի իրականացվել: Զեկուցողի տեղեկացմամբ հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարիների մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 8 մլն 100 հազար 630 դրամ, որից 7 մլն 541 հազար 670 դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե, իսկ 558 հազար 960 դրամը՝ համայնքային բյուջեներ:
«Հաշվետվությունում արտացոլված են մասնավորեցման գործընթացների արդյունքում սեփականատերերի կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ»,- ընդգծել է Բաբայանը և հավելել, որ 2025 թվականի ընթացքում կատարվել են 5 գնորդի ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունները, 1 գնորդի ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով էլ ընթանում է դատական գործընթաց: Նշվել է՝ 1 գնորդի ստանձնած՝ 25 տարվա ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորությունների մեկնարկը կտրվի այս տարվա վերջ՝ ակադեմիական շենքի կառուցումից հետո:
Հաշվետու ժամանակահատվածում ծրագրում կատարվել են 2 փոփոխություններ. «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանվել է մասնավորեցման ծրագրի ցանկից, իսկ «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերությունը՝ ընդգրկվել:
Զեկուցողը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, դրանք վերաբերել են պետական գույքի նպատակային օգտագործմանը:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրինագիծը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 10-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը