Դատախազությունը, «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով, պետշահերի հայց է ներկայացրել դատարան
Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը: Օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Գկխավոր դատախազությունից՝հայցի հիմքում, ի թիվս այլ հայտնաբերված խախտումների, ներառվել են մասնավորեցման գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես.
- ՀՀ Կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի թիվ 690 որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով:
- Գնման առաջարկ է ներկայացվել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունների կողմից:
- 2001 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն, 2001 թվականի հոկտեմբերի 22-ին, «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը Պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը:
- ՀՀ կառավարությունը 2001 թվականի հոկտեմբերի 22-ից՝ մրցույթը չկայացած համարվելու պահից սկսած 60-օրյա ժամկետի խախտմամբ, ինչպես նաև խախտելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջները, անտեսել է անգլիական «SK.Ajikawo Group» անվամբ ընկերության կողմից նախապես հայտնի գնորդ լինելու հանգամանքը և նշված ընկերությանն ուղղակի վաճառքով օտարելու փոխարեն, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցրել է Բելգիայի Թագավորությունում հիմնադրված, ընդամենը 18 հազար 952 եվրոյի չափով կանոնադրական կապիտալ ունեցող, սննդամթերքի, կիսաֆաբրիկատների, տրանսպորտային միջոցների ներկրմամբ և արտահանմամբ, ինչպես նաև լվացքատների, բենզալցակայանների շահագործմամբ զբաղվող և «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսնու՝ Կարապետ Գուլոյանի հորեղբոր՝ Վահագն Գուլոյանի կողմից կառավարվող «Roberto» ՍՊ ընկերությանը: Նույն որոշմամբ ՀՀ Կառավարությունը բաժնետոմսերի գին է սահմանել 200.000 ԱՄՆ դոլարը՝ գնորդին պարտավորեցնելով այն վճարել մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, ինչպես նաև պետշահերի հայց՝ Հակակոռուպցիոն դատարան:
Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։