Քաղաքականություն
17 հունիսի 2026 • 07:14
Ընտրակաշառքը ոտնձգություն է Սահամանադրական կարգի նկատմամբ․Արման Բաբաջանյան
«Ընտրությունները չեն կարող համարվել ազատ և լեգիտիմ, եթե դրանց վրա էական ազդեցություն են ունեցել փողը, ճնշումը, կազմակերպված ապօրինի մեխանիզմները և ընտրողի կամքի առևտրայնացումը»։

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Ընտրակաշառքը ոտնձգություն է Սահամանադրական կարգի նկատմամբ: Ընտրակաշառքը հարված է քաղաքացու ազատ կամքին, ընտրական իրավունքի էությանը և հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմությանը։
Վերջին ամիսների նախընտրական ողջ ժամանակահատվածում արձանագրված ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ հաղորդումները, քրեական վարույթները, բացահայտված սխեմաները, ձերբակալությունները տեղային դրվագներ չեն։ Դրանց ծավալը, կրկնվող բնույթը, կազմակերպվածության նշանները և տարբեր բնակավայրերում ի հայտ եկած նույնատիպ մեխանիզմները առաջացնում են հիմնավոր իրավական կասկած, որ գործ ունենք ոչ թե առանձին ընտրախախտումների, այլ ընտրողի կամքի վրա համակարգված ազդեցության հետ։
Սա հենց այն հարցն է, որը պետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանում։
Ընտրակաշառքը աղավաղում է ընտրողի ազատ կամարտահայտումը, ոչնչացնում է քաղաքական ուժերի հավասար մրցակցության սկզբունքը և կասկածի տակ դնում ընտրությունների արդյունքում ձևավորվող հանրային իշխանության լեգիտիմությունը։ Երբ ընտրողի ձայնը դառնում է առքուվաճառքի առարկա, այլևս վիճարկվում է ոչ միայն քվեարկության արդյունքը, այլև այդ արդյունքի սահմանադրական բովանդակությունը։
«Հանուն Հանրապետությունը» Սահմանադրական դատարանում բարձրացնելու է ընտրակաշառքի համակարգային ազդեցության հարցը՝ որպես ընտրությունների սահմանադրականության գնահատման առանցքային հիմքերից մեկը։
Մեզ համար սա Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնի անսակարկելի արժեքի, ընտրական իրավունքի պաշտպանության և ժողովրդավարական պետության հիմքերի պահպանման հարց է։
Ընտրությունները չեն կարող համարվել ազատ և լեգիտիմ, եթե դրանց վրա էական ազդեցություն են ունեցել փողը, ճնշումը, կազմակերպված ապօրինի մեխանիզմները և ընտրողի կամքի առևտրայնացումը։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է ձևավորվի ազատ կամքով, ոչ թե ընտրակաշառքով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։