Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել
Մեղադրանքը ներկայացվել է դատական ակտը չկատարելու և ՍՊ ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, ծառայողական լիազորություններն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով էական վնաս է պատճառել ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին։ Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ճանապարհային նշանների տեղադրման գնման մրցույթում ճանաչվել է հաղթող և կողմերի միջև կնքվել է համապատասխան պայմանագիր։
Սակայն քաղաքապետարանի պաշտոնատար անձը, նպատակ ունենալով գործել հօգուտ իր հետ փոխկապակցված մեկ այլ ՍՊ ընկերության, պայմանագրով չնախատեսված հիմքով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք։ Այնուհետև, անտեսելով նշված պահանջի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու գործընթացում նոր գնման ընթացակարգ սկսելու արգելքը, հիշյալ պաշտոնատար անձը նախաձեռնել է այն, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչել վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը, և կնքվել է 75 մլն դրամ արժեքով պայմանագիր։
Քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Նրա պաշտոնավարումը կասեցվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:
Կարդացեք նաև
Հայաստան27 հուլիսի 2026
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
Սրբուհի Գալյանը հիշեցրել է, որ մեր երկրում գործում են կարգավորումներ, ըստ որոնց գործերի քննության ժամկետն առաջին ատյանի դատարանում տևելու է ոչ ավելի, քան մեկ տարի:
Հայաստան27 հուլիսի 2026
«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը
Հայաստան27 հուլիսի 2026
Կինը հայտնել է, որ ամուսինը առավոտյան խողովակով հարվածել է իրեն, իսկ երեկոյան կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել
Ամուսինը պլաստմասե խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ ոտքերի շրջանում պատճառելով մարմնական վնասվածքներ։