Գլխադասային հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ հաղորդումը ներառում է երկու փաստաթուղթ՝ Դրամավարկային քաղաքականության 2026 թվականի առաջին եռամսյակի եւ Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցները:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 18-ի հերթական նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը եւ ի գիտություն ընդունել այն: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ հաղորդումը ներառում է երկու փաստաթուղթ՝ Դրամավարկային քաղաքականության 2026 թվականի առաջին եռամսյակի եւ Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից:
Ըստ հաղորդման՝ 2026 թվականի մարտի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.5 տոկոս:
2026 թվականի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է՝ փետրվարին կազմելով 4.3 տոկոս: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4,77 տոկոս:
2025 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում զգալիորեն արագացել է: Բարձր տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության եւ ծառայությունների, ինչպես նաեւ մշակող արդյունաբերության ճյուղերը: Պահանջարկի ընթացիկ պայմանների եւ դրա հետագա միտումների վերաբերյալ անորոշությունն էապես ավելացել է՝ պայմանավորված հատկապես տնտեսական աճի կառուցվածքային խնդիրների, ինչպես նաեւ հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման ռիսկերի ավելացմամբ: Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, ինչպես նաեւ առկա են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճային ռիսկեր: Զուգահեռաբար, մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումները շարունակում են դրսեւորել հիմնականում կայունացման միտումներ:
Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲ-ը փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքի ընթացիկ մակարդակը՝ միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչեւ 6.25 տոկոս:
Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում մի կողմից Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձեւավորման եւ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի:
Մյուս կողմից Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի եւ ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի: Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը:
Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3 տոկոս նպատակի եւ գների կայունության ապահովման համար:
Կարդացեք նաև
Հայաստան13 հուլիսի 2026
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:
Հայաստան13 հուլիսի 2026
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։
Հայաստան13 հուլիսի 2026
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է