Գնաճը շարունակում է արագանալ
Արդյունաբերության և արտահանման աճը շարունակում է մնալ անկայուն և զգալիորեն պայմանավորված ժամանակավոր գործոններով։

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-մարտ ամիսներին։
Այսպես.
- 2026թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը պահպանվել է համեմատաբար բարձր մակարդակում, սակայն ամսական դինամիկան ցույց է տալիս աճի տեմպի աստիճանական դանդաղում։ Մարտին ՏԱՑ-ի աճը կազմել է 6.6%՝ փետրվարի 7.2%-ի դիմաց, ինչի արդյունքում հունվար-մարտ ամիսների կուտակային աճը նվազել է մինչև 7.1%՝ հունվար-փետրվարի 7.4%-ի համեմատ։ Դանդաղումը հիմնականում պայմանավորված է առևտրի ցածր աճով և արդյունաբերության աճի տեմպի կտրուկ նվազմամբ։ Սա վկայում է, որ թեև տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, դրա ընթացիկ դինամիկան ավելի զգուշավոր գնահատման կարիք ունի։
- Արդյունաբերության և արտահանման աճը շարունակում է մնալ անկայուն և զգալիորեն պայմանավորված ժամանակավոր գործոններով։ Արդյունաբերության աճը փետրվարին կտրուկ արագանալուց հետո մարտին էականորեն դանդաղել է՝ 23.8%-ից նվազելով մինչև 7.0%, իսկ արտահանման դեպքում փետրվարին արձանագրված 40.5% աճին հաջորդել է մարտի 12.6% անկումը։ Այս դինամիկան հաստատում է նախորդ ամիսներին մեր կողմից նշված գնահատականը` արդյունաբերության և արտաքին առևտրի բարձր աճերը կայուն արտադրական կամ արտահանման ներուժի ընդլայնման արդյունք չեն, դրանք զգալի չափով պայմանավորված են ժամանակավոր, այդ թվում՝ առանձին ապրանքախմբերի վերաարտահանման գործոններով։
- Գնաճը շարունակում է արագանալ։ 2026թ. մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%՝ փետրվարի 4.3%-ի դիմաց՝ շարունակելով արագացման միտումը և գտնվելով գնաճի թիրախային միջակայքի վերին սահմանից բարձր։ Սա նշանակում է, որ բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի կողմից գների ճնշումները շարունակում են պահպանվել, սակայն առկա են նաև առաջարկի կողմից ճնշումներ՝ պայմանավորված տարածաշրջանային լարվածությամբ և դրա հետևանքով առաջացող մատակարարման հնարավոր խնդիրներով։ Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության պայմանները դեռևս չեն խստացվել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6.5% մակարդակում։
- Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճի և պլանի գերակատարման ֆոնին հատկապես խնդրահարույց է կապիտալ ծախսերի շարունակվող թերակատարումը։ 2026թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները պլանի համեմատ գերակատարվել են 36.8 մլրդ դրամով կամ 5.8%-ով, մինչդեռ ընդհանուր ծախսերը թերակատարվել են 234.3 մլրդ դրամով կամ 28.0%-ով։ Առավել մտահոգիչ է կապիտալ ծախսերի իրավիճակը։ Դրանք պլանի նկատմամբ թերակատարվել են 131.4 մլրդ դրամով կամ 75.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 43.4%-ով։ Կապիտալ ծախսերի նման մակարդակի թերակատարումը խնդրահարույց է ոչ միայն կարճաժամկետ պահանջարկի, այլև երկարաժամկետ տնտեսական ներուժի բարձրացման տեսանկյունից։ Այն նաև ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրեր պլանավորելու, պատրաստելու և իրականացնելու՝ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունները բավարար չեն, ինչի հետևանքով կապիտալ ծախսերը շարունակում են չկատարել տնտեսական աճի որակը և ներուժը բարձրացնելու իրենց հնարավոր դերը:
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: