GRECO-ի խիստ զեկույցը. Հայաստանը տապալել է կոռուպցիայի կանխարգելման հանձնարարականների մեծ մասը
Զեկույցի տվյալները փաստում են, որ Հայաստանի իշխանություններին ուղղված 22 հանձնարարականներից լիարժեք կամ բավարար չափով կատարվել է միայն 6-ը։

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ գնահատման հնգերորդ փուլի համապատասխանության առաջին զեկույցը։ Այն անդրադառնում է բարձրագույն գործադիր մարմիններում և իրավապահ համակարգում կոռուպցիայի կանխարգելմանն ու բարեվարքության ամրապնդմանը:
Զեկույցի տվյալները փաստում են, որ Հայաստանի իշխանություններին ուղղված 22 հանձնարարականներից լիարժեք կամ բավարար չափով կատարվել է միայն 6-ը։ Մնացած առաջարկություններից 15-ը կատարվել են մասնակիորեն, իսկ 1-ը գնահատվել է ամբողջությամբ չկատարված:
Ամբողջությամբ չկատարված միակ հանձնարարականը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտին։ Ըստ զեկույցի՝ կառույցին չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, որպեսզի այն կարողանա արդյունավետորեն իրականացնել ազդարարների պաշտպանության իր կարևորագույն գործառույթը:
Բարձրաստիճան պաշտոնյաների և գործադիրի անդամների մասով իրավիճակը գնահատվել է մտահոգիչ։ Այս ոլորտին վերաբերող 11 հանձնարարականից կատարվել է միայն 1-ը (չվարձատրվող խորհրդականների կարգավիճակի հստակեցումը)։
Մյուս բոլոր առանցքային ուղղություններով Հայաստանը շարունակում է թերանալ.
-
Լոբբիստական գործունեության կանոնակարգում,
-
Պաշտոնից հեռանալուց հետո սահմանափակումների (cooling-off period) կիրառում,
-
Որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության ապահովում։
Ի տարբերություն գործադիրի՝ համեմատաբար ավելի դրական դինամիկա է արձանագրվել ոստիկանության համակարգում, որտեղ 11 հանձնարարականներից 5-ն արդեն իսկ բավարար չափով կատարված են համարվել:
Այդուհանդերձ, իրավապահ համակարգում նույնպես լուրջ անելիքներ կան, մասնավորապես՝
-
Կին ծառայողների ներկայացվածության ավելացման,
-
Բարեվարքության ստուգումների (integrity checks) խստացման,
-
Ծառայության դադարեցումից հետո այլ աշխատանքի անցնելու սահմանափակումների ներդրման հարցերում։
Ստեղծված իրավիճակում միջազգային կառույցը Հայաստանին տվել է հստակ ժամանակահատված. երկիրն ունի ուղիղ 18 ամիս ժամանակ, որպեսզի GRECO-ին ներկայացնի նոր հաշվետվություն՝ արձանագրված թերացումները շտկելու և կիսատ մնացած հանձնարարականները կյանքի կոչելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։