Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Նորացված չափանիշներով կառուցվող այս համալիրը հնարավորություն կընձեռի Հայաստանում հյուրընկալել Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնություններ։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի և աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինհրապարակ։
Այցի ընթացքում նոր կապալառու՝ «Բաղրամյանշին» ընկերության տնօրենի հետ քննարկվել են նոր թափ ստացած շինարարական աշխատանքների ընթացքին, առաջիկա անելիքներին և նախատեսված ծավալների ապահովմանն առնչվող հարցեր։
Մարզահամալիրի շինարարությունն ավելի վաղ դադարեցվել էր աշխատանքներում արձանագրված թերությունների, նախագծային խախտումների և ժամկետների ուշացման պատճառով։ Նախորդ շինարարական կազմակերպության հետ պայմանագիրը խզվել էր, ինչից հետո՝ 2026 թվականի առաջին կիսամյակում, նոր պայմանագիր է կնքվել «Բաղրամյանշին» ընկերության հետ։
Նոր կապալառուի փոխանցմամբ՝ նախնական նախագիծը ենթարկվել է փոփոխությունների՝ այն միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ կառույցը պետք է դառնա մարզի այցեքարտերից մեկը, ուստի աշխատանքների բարձր որակի ապահովումն ու պետական միջոցների նպատակային ծախսումը գտնվելու են խիստ հետևողական վերահսկողության ներքո, որպեսզի նախկինում տեղ գտած բացթողումներն ու ձգձգումներն այլևս չկրկնվեն։
Շինարարական կազմակերպությունը պարտավորվել է առաջիկա երկու տարվա ընթացքում ավարտին հասցնել բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի կառուցումը: Ըստ վերանայված նախագծի՝ կենտրոնն ունենալու է հետևյալ հագեցվածությունը.
-
Մարզադահլիճներ` ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության համար,
-
Արտաքին ենթակառուցվածքներ` ֆուտբոլի դաշտ և վազքուղի,
-
Ջրային և կեցության հատված` լողավազան և հյուրանոցային համալիր մարզիկների համար։
Նորացված չափանիշներով կառուցվող այս համալիրը հնարավորություն կընձեռի Հայաստանում հյուրընկալել Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնություններ։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: