Հայաստան
12 հուլիսի 2026 • 13:58
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Դեսպան Սիմոնյանն իր հերթին խոստացել է ակտիվ ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ։

Կորեայում Հայաստանի նորանշանակ դեսպան Մոնիկա Սիմոնյանը (նստավայրը՝ Տոկիո) հավատարմագրերի պատճենն է հանձնել ԿՀ ԱԳ նախարարության արարողակարգի հարցերով վարչության պետ Ջե Հվան Կվոնին, հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Ջե Հվան Կվոնն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման գործում։
Դեսպան Սիմոնյանն իր հերթին խոստացել է ակտիվ ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ։ Երկուստեք մտքեր են փոխանակվել հաջորդ տարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ։
Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև ԱԳՆ Եվրոպական հարցերով բյուրոյի տնօրեն Հյոն Չուլ Պակի հետ։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հյոն Չուլ Պակը կորեական կողմի պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել երկկողմ օրակարգի առաջմղմանը միտված գալիք բոլոր նախաձեռնություններում։
Դեսպան Սիմոնյանն ընդգծել է, որ հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ կարևորելով մասնավորապես քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումը, առևտրատնտեսական և գործարար կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հաստատումը, կրթամշակութային և հումանիտար փոխանակումների, ինչպես նաև զբոսաշրջային փոխայցելությունների ակտիվացումը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: