Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի բնապահպանական առաջնահերթությունները, կայուն զարգացման օրակարգը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Սույն թվականի հուլիսի 1-3-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի բնապահպանական առաջնահերթությունները, կայուն զարգացման օրակարգը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարական կլոր սեղանի շրջանակում Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախագահող երկրի առաջնահերթությունները։ Փոխնախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության ուշադրությունը պետք է կենտրոնանա արդեն ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացման վրա։
Նա մանրամասնել է COP17 նախագահության հիմնական ուղղությունները՝ Կունմինգ–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացումը, առաջին գլոբալ վերանայման հաջող անցկացումը, ինչպես նաև ներառական և գործնական համագործակցության խթանումը։
Ելույթում անդրադարձ է կատարվել նաև Ռիոյի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի ամրապնդման կարևորությանը՝ ներկայացնելով Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (NDC 3.0) և Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը՝ որպես փոխկապակցված բնապահպանական քաղաքականության հիմք։ Մասնակիցներին նաև պաշտոնական հրավեր է փոխանցվել մասնակցելու 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք CBD COP17 համաժողովին։
Նախարարի տեղակալը հանդես է եկել հատուկ ելույթով՝ նվիրված կլիմայական ինտեգրված գործողություններին և կապույտ ածխածնի էկոհամակարգերի նշանակությանը՝ կարևորելով բնահեն լուծումները, տարածաշրջանային համագործակցությունը և համակցված բնապահպանական քաղաքականությունները։
Այցի շրջանակում Արամ Մեյմարյանը մի շարք առանցքային երկկողմ հանդիպումներ է ունեցել.
-
Արմիդա Սալսիահ Ալիսջաբանայի (ESCAP-ի գործադիր քարտուղար),
-
Շինա Անսարիի (Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար),
-
Եվգենի Ժուկովի (Ասիական զարգացման բանկի Կլիմայի փոփոխության և կայուն զարգացման վարչության գլխավոր տնօրեն)։
Այս հանդիպումների քննարկումների առանցքում եղել են բնապահպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը, Սևանա լճի պահպանությունը, Արաքս գետի մոնիթորինգը, կենսաբազմազանության պահպանությունը և COP17-ի շրջանակում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Նստաշրջանի ավարտին մասնակիցների կողմից ընդունվել են երկու հիմնարար փաստաթղթեր՝
-
«Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ 2026 թվականի նախարարական հռչակագիրը»,
-
«Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն զարգացման նպատակով սիներգիաների խթանման 2026–2030 թվականների տարածաշրջանային գործողությունների ծրագիրը»։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: