ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախագահին
Կողմերը վերահաստատել են արդյունավետ և թափանցիկ համագործակցության մեխանիզմներ զարգացնելու պատրաստակամությունը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 5-ին ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, Միջազգային քրեական դատարանի գրասենյակի ղեկավար Հիրադ Աբթահին, այլք:
Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի նախագահին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ առաջին դեպքն է, երբ Միջազգային քրեական դատարանի գործող նախագահն այցելում է Հայաստան, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության և Դատարանի միջև համագործակցության զարգացման և խորացման հանձնառության մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը` Արևելյան Եվրոպայի խմբից։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը և ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդումը՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ոլորտում դատախազների կարողությունների զարգացման համատեքստում։ Ի թիվս այլնի, քննարկվել են նաև քրեական վարույթներով ապացույցների հավաքմանը, տուժողների և վկաների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։
Աննա Վարդապետյանը հետաքրքրություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի հետ համատեղ վերապատրաստման ծրագրերի իրականացման, տեխնիկական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման մեխանիզմների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է քրեական վարույթներով տուժողակենտրոն մոտեցման կարևորությունը։
Աննա Վարդապետյանը և Տոմոկո Ականեն վերահաստատել են արդյունավետ և թափանցիկ համագործակցության մեխանիզմներ զարգացնելու, ինչպես նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: