Ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանող տնտեսվարողներին կտրամադրվի փոխհատուցում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում հայտարարեց՝ ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որն ունի պատշաճ որակ, արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտից:

Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը, որի նպատակն է աջակցել արտահանողներին շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսվարողներին տրամադրվելու է փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։ Կառավարության՝ հունիսի 4-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 դրամ, պղպեղինը՝ 400 դրամ, ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ:
Այս ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով՝ աջակցության միջոցառման ժամկետը 1 ամիս է, ըստ անհրաժեշտության՝ այն կարող է վերանայվել:
Նշված ապրանքների արտահանումն իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն՝ ներկայացնելով ապրանքի տարածման հայտարարագրերը կամ արտահանման ապրանքի հայտարարագրերի պատճենը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերը, այն է՝ հաշիվ-ապրանքագրերը:
Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը: Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ծրագրի շրջանակում հունիսի ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 մլն հատ ծաղիկ:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս համատեքստում տեղեկացրեց՝ այս պահին նաև առանձին գործընկերների հետ աշխատում են ներմուծման դեպքում մաքսային որոշակի արտոնությունների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ: «Սա ևս կգա օգնելու արտադրողներին, նաև նոր շուկաներ գտնելու՝ հետագայում արդեն ավելի կանոնավոր հիմքերի վրա շուկաներ, մատակարարումներ ապահովելու համար»,- ասել է նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում հայտարարեց՝ ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որն ունի պատշաճ որակ, արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտից:
«ՀՀ-ն բավականին ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար՝ անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները, ինչով կաջակցեն կամ չեն աջակցի»,- ասաց նա՝ հավելելով, որ որոշումը պետք է տարածվի և՛ մրգերի վրա, և՛ կոնյակի, և՛ գինու, և՛ հանքային ջրերի վրա, և՛ ցանկացած շուկայի»,- ասաց նա:
Փոխվարչապետը միաժամանակ անդրադարձավ արտահանվող ապրանքների որակի ապահովմանը՝ նկատելով, որ եթե պատշաճ որակ ապահովվի, դժվար կլինի պատշաճ որակի ապրանքի շրջանառությունը որևէ կերպ խոչընդոտել, առավել ևս՝ արհեստականորեն: Այդ դեպքում նաև ավելի մեծ սպառման հնարավորություններ ու շուկաներ կբացվեն:
«Մենք պիտի նաև մտածեք այդ խթանիչների մասին, չնայած ես որքան հիշում եմ՝ մենք նման խթանիչ միջոցառումներ ունենք, բայց փորձը ցույց է տալիս, որ բավարար չեն այդ խթանիչները, պիտի ավելացնենք:
Սա է ֆունդամենտալ լուծումը: Մենք տալիս ենք լուծում, որն ապահովում է մեր արտադրողի կոնֆորտը»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջնական լուծումը որակի ստանդարտն է:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։