Կայացել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը
Հուշամրցաշարին մասնակցել է 119 մարզիկ՝ 71 տղա և 48 աղջիկ։

Այսօր տեղի է ունեցել հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը, որը նվիրված էր անվանի մարզիկի մահվան 30-րդ տարելիցին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հուշամրցաշարին մասնակցել է 119 մարզիկ՝ 71 տղա և 48 աղջիկ։ Տղաների մրցապայքարն ընթացել է 5 գործիքի՝ օղակների, նժույգթափերի, հենացատկի, զուգափայտերի, պտտաձողի վրա և ազատ վարժությունում, իսկ աղջիկներինը՝ զուգափայտերի, հենացատկի, հավասարակշռության գերանի և ազատ վարժություններում:
Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հրանտ Շահինյանի դուստրը՝ Լուիզա Շահինյանը, Երևանի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Գևորգյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, մարզասերներ:
Ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է՝ Հրանտ Շահինյանի անունը կրող մարզադպրոցն այս նախաձեռնությամբ լավագույնս արժևորում է մեծանուն մարզիկի հիշատակը. «Խորհրդանշական է, որ մեծ մարզիկի հիշատակին նվիրված այս մրցաշարը նշանավորում ենք մարմնամարզիկների նոր սերնդի հաջողություններով։ Այսօր կհամոզվենք, որ տաղանդավոր երեխաներ ունենք մարմնամարզությունում, որոնք շարունակելու են լավ ավանդույթները՝ բազմապատկելով հաջողությունները»։
Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են ոչ միայն մրցակցության, այլև մարզադպրոցային կյանքի զարգացման ու հանրայնացման համար։ Նախարարն անդրադարձել է նաև Կառավարության կողմից հատկապես մանկապատանեկան սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ վարչապետի գավաթի մրցաշարերի կազմակերպմամբ հետևողականորեն խրախուսվում է դպրոցականների ակտիվ ֆիզիկական կենսակերպը և տարբեր մարզաձևերով զբաղվելը։ Նա նշել է, որ արդեն անցկացվում են դպրոցականների մրցաշարեր վազքի, հեծանվավազքի, խճուղավազքի, սեղանի թենիսի, բասկետբոլի և վոլեյբոլի մարզաձևերում, ինչը նպաստում է երեխաների առողջ ապրելակերպին և սպորտային ակտիվությանը։
Անդրադառնալով մարզական ենթակառուցվածքների զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթություններից են մարզադպրոցների պայմանների բարելավումը, նոր գույքի ձեռքբերումը և մարզական միջավայրի արդիականացումը։ Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ ավարտական փուլում է Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության նոր մասնաշենքի կառուցումը։
«Հուսով եմ՝ սեպտեմբերից գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվող մեր երեխաները կկարողանան մարզվել ամբողջությամբ նոր պայմաններում, որը բարձր արդյունքների և նոր հաջողությունների խթան կհանդիսանա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ շարունակվում են նաև մարզադպրոցի մյուս մասնաշենքերի վերանորոգման և նոր գույքով համալրման աշխատանքների նախապատրաստական աշխատանքները։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: