Մշակույթ
27 հունիսի 2026 • 08:29
Մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
Երգչուհու ձայնով կյանք են ստացել հայ և օտարազգի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը. նա 84 տարեկան էր։
Հայաստանի երաժշտական արվեստի պատմության մեջ իր ուրույն տեղ ունեցող երգչուհին ծնվել է 1942 թվականին` Սևանում։ Նրա ստեղծագործական կենսագրությունը սերտորեն կապված է հայկական էստրադային երգարվեստի ոսկեդարի և միջազգային ամենահեղինակավոր բեմերի հետ։
Մկրտչյանի մասնագիտական ուղին սկսվել է դասական երաժշտական կրթությամբ. 1963-1968 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1968 թվականից սկսել է իր երկարամյա և բեղմնավոր գործունեությունը որպես Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատար՝ դառնալով հանրապետության ամենասիրված ձայներից մեկը։
Երգչուհու ձայնով կյանք են ստացել հայ և օտարազգի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նրա հարուստ երգացանկում իրենց տեղն են գտել Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի, Մուրադ Կաժլաևի և այլոց հանրահայտ գործերը։
Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ ձայնագրվել է ավելի քան 400 երգ։ Այս հսկայական ժառանգության զգալի մասն այսօր էլ պահպանվում է Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի Ոսկե ֆոնդում։ Նա հայկական էստրադայի երգերը հասցրել է ընդհուպ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» և «Քարնեգի Հոլ»։
Կարդացեք նաև
Մշակույթ28 սեպտեմբերի 2026
Մորգենշտերնը կրկին Երևանո՞ւմ․ այս անգամ՝ «հաստատված» համերգով
Համերգի կազմակերպման բոլոր մանրամասները դեռ հրապարակված չեն։
Մշակույթ4 սեպտեմբերի 2026
«Մի գդալ սեր»․ նոր ֆիլմը մեծ էկրաններին է
Ֆիլմն ունի նաև երաժշտական գեղեցիկ ձևավորում։ Առանձնահատուկ է այն փաստը, որ ֆիլմի ենթագրերում իր մահից հինգ տարի անց կարող ենք հանդիպել Հայկոյի անունը։
Մշակույթ28 օգոստոսի 2026
Ատեստավորումը կրկնակի չհաղթահարած ուսուցիչները չեն կարող դասավանդել
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ արդեն կան նման 80 ուսուցիչներ։